Երևան-Արմավիր երթուղու թնջուկը նախարարության և տեսչական մարմնի ամենօրյա ուշադրության կենտրոնում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկատրանս սերվիս» ՍՊԸ վարորդները կառավարության շենքի դիմաց կրկին գործադուլի են դուրս եկել՝ բողոքելով անօրինական ուղևորափոխադրումներից: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ նախարարի հանձնարարականով խնդիրն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում է:

«Բանն այն է, որ Երևան-Արմավիր երթուղին սպասարկող «Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊ ընկերությունը հաղթող է ճանաչվել մրցույթում և ուղևորափոխադրումն իրականացնում է նոր մեքենաներով՝ 500 դրամ սակագնով: «Ալ տրանս» ընկերությունն էլ ուղևորափոխադրումներ իրականացնում է Երևան- Մեծամոր, Երևան- Մյասնիկյան գյուղ ուղղությամբ՝ գազել մակնիշի ավտոմեքենաներով՝ 400 դրամ սակագնով: Երևան-Մյասնիկյան գյուղ հատվածում կա Արմավիր կանգառ, որտեղից վարորդները ուղևոր են վերցնում: Երևան-Արմավիր երթուղին սպասարկող ընկերությունն էլ մեղադրում է մյուս ընկերությանը ուղևորներ տանելու մեջ»,-ասաց նա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակիցները տեսչական մարմնի հետ աշխատանք են տանում ամենօրյա ռեժիմով: «Մենք պարբերաբար փոխադրողների հետ հանդիպում ենք, բացատրական աշխատանքներ ենք տանում, փորձում ենք ամեն կերպ խնդիրներին լուծում տալ: Ես անձամբ եմ այնտեղ եղել և ոչ մի խախտում չի գրանցվել թե՛չվացուցակների, թե՛ապօրինի ուղևորափոխադրողների հետ կապված»,-ընդգծեց նա:

Արզումանյանը նշեց, որ անօրինական ուղևորափոխադրումների խնդրին կարող է լուծում տալ միասնական տրանսպորտային համակարգը: «Մենք կունենանք գործիքակազմ, որը հնարավորություն կտա որակով սպասարկում իրականացնել»,-հավելեց նա:

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Երևան-Արմավիր ուղևորափոխադրման համակարգում ժամանակին ուղևորահոսքի ճիշտ հաշվարկում չի արվել, չվացուցակները ճիշտ չեն կազմվել: «Արմավիր քաղաքը տարանցիկ կետ է և թույլատրել են բոլոր ուղևորափոխադրողներին այնտեղ կանգառ կատարել, ինչն էլ հանգեցրել է շահերի բախման, դրան գումարվում են ապօրինի ավիափոխադրումները, կանոնավոր ուղևորափոխադրման գնին մոտ արժեքով տաքսի ծառայությունները»,-ասաց նա:

Գրիգորյանը հավաստիացրեց, որ տեսչական մարմինն ամենօրյա աշխատանք է իրականացնում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Պետեկամուտների կոմիտեի համապատասխան բաժինների հետ:

«Խնդիրն այն է, որ տեսչական մարմինը հիմա պատասխանատվության միջոցներ կիրառելու հնարավորություն չունի, քանի որ նախկին տրանսպորտային տեսչության լուծարումից հետո այն դարձել է կառավարության ենթակա մարմին: Հիմա սպասում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում տեղի ունենա համապատասխան փոփոխություն, որպեսզի վերահսկողական գործառույթը լինի լիարժեք»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ խախտումներ հայտնաբերելու դեպքում տեսչական մարմինը դիմում է ՊԵԿ-ին, վերջինիս համապատասխան ստորաբաժանումներն էլ համապատասխան արձանագրություն են կազմում և վարչական վարույթ են իրականացնում:

Հայերեն

Շարունակվում է Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում դիմումների ընդունումը

Կանադան հայտարարել է սեպտեմբերի 8-ից Միացյալ Նահանգների դեմ պատասխան մաքսատուրքեր սահմանելու մասին

Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցով ժամանակավոր երթուղի ստեղծելու շուրջ

Սեդրակ Քոչարյանին և ևս 5 անձի կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը ժամանել է Մոսկվա. CBS News

Տեղի ունեցածն առնչություն չունի ծառայության հետ. ՊՆ մամուլի քարտուղարը՝ զինծառայողի ինքնասպանության մասին լուրերի թեմայով

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին կրկին ականապատել Հորմուզի նեղուցը

Հանրապետության որոշ շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Օգոստոսի 26-ի միջոցառումների անոնս

Մոլդովայում հոբելյանական 25-րդ Գինու ազգային օրվա միջոցառումները տեղի կունենան 2026 թ. հոկտեմբերի 3-4-ը. Moldpres