Հասարակական

«Նուբարաշեն» ՔՀԿ-ն նոր շենք կունենա

2 րոպեի ընթերցում

«Նուբարաշեն» ՔՀԿ-ն նոր շենք կունենա

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը նոր շենք կունենա, սակայն մինչ այդ ՔՀԿ-ում նորմալ պայմաններ ապահովելու համար որոշակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նշեց՝ «Նուբարաշեն» ՔՀԿ-ն բավականին վատ վիճակում է: «Պետությունը գումար է ներդրել ներքին ջրահեռացման, կոյուղու և այլ հարցեր լուծելու համար: Մենք ՔՀԿ-ի համար ունե՞նք բավարար միջոցներ, որպեսզի այն լիարժեք վերականգնենք, թե՞ ունենք այլընտրանք կամ տեսլական, որ այլ քրեակատարողական կարելի է կառուցել և «Նուբարաշեն» ՔՀԿ-ն փակել»,-հետաքրքրվեց պատգամավորը:

«Նուբարաշեն ՔՀԿ-ն նախատեսում ենք փոխարինել նոր հիմնարկով, նոր շենքով: Այդ դեպքում ինչո՞ւ ենք ներդրում կատարում սրա վրա. Նուբարաշենի, Վարդաշենի, Սևանի քրեակատարողական հիմնարկների համար ընդամենը 170 մլն դրամի չափով ներդրում ենք կատարել: Դա ուղղված է այս պահի դրությամբ վիճակը բարելավելուն՝ բաղնիքների, խոհանոցների, պատերի, ներքին և արտաքին ջրահեռացման համակարգերի, սանհանգույցների համար»,-ասաց Զեյնալյանն ու հավելեց՝ 3 տարի այդ պայմաններում չեն կարող մարդկանց պահել:

Նախարարը շեշտեց՝ հիմա վերանորոգման աշխատանքներ են կատարում, որ նորմալ պայմաններում ապրեն մարդիկ: Իսկ նոր քրեակատարողական հիմնարկի համալիրի համար նախատեսվող գումարները միլիոնավոր դրամներ են կազմում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում