Իրավունք

Պատգամավորն առաջարկում է բացառել գործի քննությանը մասնակցող փաստաբանի և դատախազի նկատմամբ  տուգանքի կիրառումը

3 րոպեի ընթերցում

Պատգամավորն առաջարկում է բացառել գործի քննությանը մասնակցող փաստաբանի և դատախազի նկատմամբ  տուգանքի կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն առաջարկում է, որ դատավորները դատական տուգանք չկարողանան կիրառել գործի քննությանը մասնակցող դատախազի և գործի քննության կողմի ներկայացուցչի և պաշտպանի նկատմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ քրեական, վարչական և քաղաքացիական օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին նախագիծը Դավթյանը ներկայացրեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

«Առաջարկում եմ ՀՀ 2013 թ. Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ դատական տուգանքը չի կարող կիրառվել գործի քննության մասնակցող դատախազի և գործի քննության՝ որպես կողմի ներկայացուցիչ կամ պաշտպան մասնակցողի նկատմամբ: Առաջարկում եմ նույն դրույթը լրացնել նաև ՀՀ Քաղաքացական և Քրեական դատավարության մասին օրենսգրքերում: Օրենքն ընդունվելու ժամանակ բացակայել է այս ներկայացված առաջարկի անհրաժեշտությունը: Դատական պրակտիկայում մենք չենք ունեցել գոնե մեկ դեպք, երբ որ խնդիր առաջանար, և դատավորի կողմից դատախազին կամ փաստաբանին տուգանեին: Նման օրենքի անհրաժեշտություն չի ունեցել ԱԺ-ն այդ ժամանակ: Մենք նաև նպատակ չունենք փաստաբանությունը վտանգելու: Այսօր գործող օրենքը թուլացնում է Հայաստանում փաստաբանությունը»,- ասաց Դավթյանը:

Նա նշեց՝ իրենց նպատակն է, որ արդար դատական համակարգ ստեղծեն: Պատգամավորը կարծում է, որ դատարանը չպետք է նման լիազորություններ ունենա և դատական նիստի ժամանակ փաստաբանին կամ դատախազին տուգանի:

Կառավարության ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ կառավարության համար առաջարկն ընդունելի է: «Կառավարությունը, սակայն, առաջարկել է, որ պատասխանատվության ենթարկելու մասին դիմումով դատարանը դիմի գլխավոր դատախազին կամ Փաստաբանների պալատին: Եվ դա պարտադիր պայման լինի փաստաբանի կամ դատախազի նկատմամբ վարույթ հարուցելու համար»,-ընդգծեց Զեյնալյանը։

Պատգամավորներից ոմանք որոշակի դիտարկումներ ունեին նախագծի վերաբերյալ: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նկատեց, որ դատավարությանը մասնակցող անձի ներկայացուցիչը երբեմն կարող է փաստաբան չլինել: Այս առումով, նրա կարծիքով, անհավասարության խնդիր է առաջանում:

Պատգամավորներից ոմանք առաջարկեցին հարցի քննարկումը հետաձգել մի քանի օրով, դրանում որոշակի լրացումներ և փոփոխություններ կատարել:

Հանձնաժողովի անդամների առաջարկով հարցի քվեարկությունը հետաձգվեց մինչև երկու ամիս՝ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում