Հասարակական

Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը

2 րոպեի ընթերցում

 Կառավարությունը հաստատեց. Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին, որով ամրագրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը կնշվի ապրիլի վերջին շաբաթ օրը: Այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա որպեսՀայաստանի Հանրապետության քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած աննախադեպ քաղաքական իրավիճակով: «Ստեղծված բազմաթիվ սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական բնույթի խնդիրների շուտափույթ լուծման անհրաժեշտությամբ օրեր շարունակ հազարավոր քաղաքացիներ ցույցերի և երթերի ձևով իրենց պահանջներն էին ներկայացնում իշխանություններին:

«Տեղի ունեցած ոչ բռնի խաղաղ գործողություններով ուղեկցված բողոքի ցույցերը, հանրահավաքները ընդգրկել էին մայրաքաղաք Երևանը, մարզերի քաղաքներն ու գյուղերը, ինչպես նաև միջպետական և միջքաղաքային ավտոճանապարհները և քաղաքացիների համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն էին:

Համաժողովրդական շարժման արդյունքներից մեկը եղավ վարչապետիհրաժարականը և համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասաց նախարարը:

Նշվումէ, որ առաջարկվող կարգավորումը հնարավորություն կընձեռնի հայոց պատմության մեջ նոր էջ բացած Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիների կողմից իրականացված համաժողովրդական շարժման առիթով սահմանելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ եթե ապրիլի վերջին շաբաթ օրը լինի ապրիլի 24-ը, ապա տոնը կնշվի ապրիլի 25-ին՝ կիրակի:

«Որևէ հատուկ ոչ աշխատանքային օր չի նշվում այս նախագծով»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում