Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանն ու Բուլղարիայի էկոնոմիկայի փոխնախարարը քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանն ու Բուլղարիայի էկոնոմիկայի փոխնախարարը  քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Բուլղարիայի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ալեքսանդր Մանոլևին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել Ալեքսանր Մանոլևին ներկայացուցչական պաշտոնական և գործարար պատվիրակությամբ Հայաստան ժամանելու համար։

Կողմերն ընդգծել են, որ թե՛ հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի նիստը և թե՛ դրա շրջանակներում տեղի ունեցող գործարար համաժողովը կարող են դրական ազդեցություն ունենալ Հայաստանի և Բուլղարիայի միջև առևտրատնտեսական կապերի վրա։

Ալեքսանր Մանոլևի խոսքով՝ անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել գործարար համաժողովի արդյունքները՝ հետամուտ լինելով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը նշել է, որ կան տնտեսության մի շարք հեռանկարային ոլորտներ, որոնց ուղղությամբ երկու երկրները կարող են զարգացնել համագործակցությունը՝ դրանք առավել խորությամբ ուսումնասիրելով։

Պաշտոնյաները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխգործակցություն հաստատել Հայաստանի և Բուլղարիայի փոքր և միջին ձեռներեցության զարգացման գործակալությունների միջև՝ փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման նպատակով։

Տիգրան Խաչատրյանը և Ալեքսանր Մանոլևը, որպես համագործակցության զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտ, առանձնացրել են նաև զբոսաշրջության ոլորտը։

Նախարար Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է աջակցելու այն բոլոր գաղափարներին և ապա բիզնես ծրագրերին, որոնք կնախաձեռնի երկու երկների մասնավոր հատվածը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում