Հասարակական

Իր գործունեությունն է սկսում «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամը

3 րոպեի ընթերցում

Իր գործունեությունն է սկսում «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում իրականացվող եվրոպական ծրագրերի որակի ապահովման նպատակով ստեղծվում է «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հիմնադրամի տնօրեն Ատոմ Մխիթարյանը նշեց, որ այն նպատակ ունի աջակցելու Հայաստանում իրականացվող և իրականացվելիք բոլոր եվրոպական ծրագրերին, որպեսզի ապահովվի դրանց պատշաճ որակը, հնարավորինս մեծ լինի ազդեցությունը:

«Այսօր ազդարարվում է «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամի ստեղծման մասին: Ո՞րն է լինելու մեր անելիքը: Այն կազմակերպությունները, կառույցները, որոնք ցանկանում են Հայաստանում ծրագիր իրականացնել և դրա համար ուզում են դիմել եվրոպական դրամաշնորհ ստանալու համար, մենք կաջակցենք: Մեր մասնագետները կօգնեն, որ բարձր մակարդակի հայտ ներկայացվի, շահելուց հետո խորհրդատվության միջոցով կպլանավորվի ծրագիրը: Դրա իրականացման ընթացքում աջակցելու ենք, որ հնարավորինս շատ շահառուներ ներգրավվեն: Նախատեսում ենք նաև նախաձեռնողների հետ իրականացնել ծրագրի գնահատում»,-ասաց Ատոմ Մխիթարյանը: Նրա խոսքով՝ հետաքրքիր գաղափարներ շատ կան, պարզապես փորձի բացակայությունը թույլ չի տալիս, որ դրամաշնորհ ստանալու համար տրամադրվող հայտերի որակը լավը լինի: Ահա հիմնադրամն այստեղ իր աջակցությունը կցուցաբերի:

Հիմնադրամն օժանդակելու է ինչպես պետական կառույցներին, այնպես էլ հասարակական ու միջազգային կազմակերպություններին: «Եվրոպական ծրագրեր» հիմնադրամը անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրելու ինչպես գաղափարների զարգացման ու ծրագրերի մշակման, այնպես էլ դրանց իրականացման ու գնահատման փուլերում:

Ատոմ Մխիթարյանը նշեց, որ տարածաշրջանային որոշ երկրներ այս գործընթացը պետական մակարդակով են համակարգում, որպեսզի դրամաշնորհ ստանալու հավանականությունն ավելի մեծ լինի:

«Եվրոպական ծրագրեր» հիմնադրամը կենտրոնանալու է հատկապես կրթության, հետազոտությունների, երիտասարդների մոտ քաղաքացիական ակտիվ դիրքորոշումների ձևավորման, հասարակության կազմակերպման, ձեռնարկատիրության զարգացման և մարզերում զբաղվածության ապահովման ոլորտների վրա:

Հիմնադրամը գործելու է Երևան, Մաշտոցի պողոտա, 4 հասցեում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում