Տնտեսություն

ԵՄ-ն պատրաստակամ է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը. ՀՀ վարչապետ

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն պատրաստակամ է ֆինանսական  աջակցություն ցուցաբերել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացմանը. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ բարձր ներկայացուցիչները լիարժեք պատրաստ են աջակցել Հայաստանում փոփոխություններին` այդ թվում ֆինանսապես: Ընդ որում` ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում ֆինանսական աջակցություն ցուցաբերել ենթակառուցվածքների զարգացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հարցին:

Պատգամավորը հետաքրքրվեց վարչապետի` օրեր առաջ Բրյուսել կատարած այցի ընթացքում բարձր մակարդակի հանդիպումներով : Նա խնդրեց պարզաբանել, թե հուլիսի այցից հետո եվրոպացի գործընկերներն ինչ ընկալում ունեն Հայաստանի մասին, ինչպիսին է ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեսլականը:

«ԵՄ բարձր ներկայացուցիչները լիարժեք պատրաստ են աջակցել Հայաստանում փոփոխություններին: Ընդ որում՝ ֆինանսական աջակցությունը մենք քննարկում ենք ոչ միայն բովանդակային բարեփոխումների համատեքստում, այլ նաև ենթակառուցվածքների, կապիտալ ներդրումների առումով: Սակայն այստեղ կա մեկ խնդիր: ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում քաղաքական ենթակառուցվածքների զարգացմանը ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Սակայն նրանք ակնկալում են, որ մենք չենք ակնկալի ամբողջությամբ ֆինանսավորում: Նրանք ասում են, որ գրանտներով պետք է աջակցեն ծրագրերին, սակայն ՀՀ կառավարությունը ևս պետք է ներդրում ունենա»,-նշեց Փաշինյանը:

Վարչապետը նշեց` որ Հայաստանը դրա համար ունի երկու աղբյուր` պետական եկամուտներն այնքան մեծացնել, որ ունենա այդպիսի ներդրումների հնարավորություն, իսկ երկրորդը` ներգրավել վարկեր` կապիտալ ծախսեր իրականացնելու համար: Նա նշեց `երկու տարբերակներն էլ ունեն իրենց բարդությունը:

«Առաջինի բարդությունն այն է, որ պետեկամուտների ավելացման արդյունքում բոլորը սպասում են, օրինակ, աշխատավարձերի բարձրացման: Երկրորդ դեպքում մենք ունենք պետական պարտք-ՀՆԱ չափաբաժինների որոշակի օրենսդրական սահմանափակում: Եվ մենք պետք է քննարկենք ու քաղաքական որոշում կայացնենք, թե որքանով ենք առաջնահերթ համարում ենթակառուցվածքների զարգացումը, կապիտալ ծախսերը և արդյոք մենք համաձայն ենք պետական պարտքի վերին սահմանագիծը վերացնել կամ փոխել, որ միջազգային մեր գործընկերների հետ համագործակցության ավելի կոնկրետ ու լայն հնարավորություն ստանանք»,-եզրափակեց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում