Հասարակական

Պետությունը առողջապահության բյուջեի ավելացման հաշվին գրեթե բոլոր բժշկական կենտրոնների պետպատվերի համար ֆինանսավորումը բարձրացրել է

3 րոպեի ընթերցում

Պետությունը առողջապահության բյուջեի ավելացման հաշվին գրեթե բոլոր բժշկական կենտրոնների պետպատվերի համար ֆինանսավորումը բարձրացրել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը բյուջեի 10 մլրդ դրամ աճի հաշվին այս տարի գրեթե բոլոր բժշկական կենտրոններին պետպատվերի համար հատկացրել է ավելի շատ գումար, մի քանիսը ստացել են ավելի քիչ՝ հիմք ընդունելով նախորդ տարի իրականացրած ծառայությունների քանակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս մասին հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:

«Առողջապահության 2019թ. բյուջեով եղել է մոտ 10 մլրդ դրամի աճ, հետևաբար գրեթե բոլոր բժշկական կենտրոնները ստացել են ավելի շատ գումար, քան 2018-ին: Ընդամենը մի քանի բժշկական կենտրոն Երևանում ստացել են քիչ, քանի որ գումարների բաշխումը կատարվել է այն սկզբունքով, թե նախորդ տարի որքան ծառայություն են մատուցել՝ այդ թվում վճարովի ծառայություններ: Եվ «Աստղիկ», «Էրեբունի», «Արաբկիր», «Հանրապետական» հիվանդանոցներինը աճել է: Բոլորի մոտ եղել է բյուջեի աճ, և դա վերանայվելու է նաև տարվա ընթացքում՝ հնարավոր է լինեն իջեցումներ և բարձրացումներ տարբեր ԲԿ-ներում: Շատ իջեցումներ են եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, մի փոքր՝ Նորք -Մարաշում: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի կատարողականը իջել էր»,-ասաց Թորոսյանը:

Թորոսյանը, սակայն, նշեց՝ բոլոր հիվանդանոցներում կան ծառայություններ, որոնց ֆինանսավորումը կայուն է մնում՝ անկախ կատարված այլ ծառայություններից: Դրանք են դիալեզի, ծննդօգնության, սրտի ստենտավորման և մի շարք այլ ծառայություններ:

Առողջապահության նախարարությունը այս տարվա փետրվարից «Stand for life» ծրագրի նման ներդրել էր նաև գլխուխեղի անոթների ստենտավորման ծրագիր: Նախարարը նշեց՝ դրանց համար ևս հավելյալ գումարներ են ուղղվել «Թիվ 1 համալսարանական հիվանդանոցին» ու «Էրեբունի» բժշկական կենտրոնին: 2019թ. դժվարամատչելի ծառայությունների համար Գյումրիի ու Գորիսի բժշկական կենտրոնները ևս ավելի շատ գումար են ստացել:

Անդրադառնալով ՄԻՊՍ բժշկական կենտրոնին տրվող գումարներին՝ նախարարը նշեց՝ նախկինում տրվել է 25 մլն դրամ, դարձել է 50 մլն դրամ՝ այդ կենտրոնի 600 մլն դրամ շրջանառության շրջանակներում: «Այդ կենտրոնը 2017-ին ընդհանրապես պետպատվերի համար գումար չի ստացել, 2018-ին մարտին ստացել է 25 մլն դրամ, եղել է ամենաքիչ ստացող կենտրոնը»,-եզրափակեց Թորոսյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում