Տնտեսություն

Կոնցեսիոները կառավարությանը խոստացել է առաջիկայում ակտիվացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը

3 րոպեի ընթերցում

Կոնցեսիոները կառավարությանը խոստացել է առաջիկայում ակտիվացնել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոնցեսիոները ՀՀ կառավարությանը հավաստիացրել է, որ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանի համար պատրաստում է լուրջ ներդրումներ կատարել և ակտիվացնել աշխատանքը, իրականացնել կանոնավոր չվերթներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության ծրագրերի ներկայացման ընթացքում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանի հարցին:

Պատգամավորը նշեց, որ Գյումրու օդանավակայանում օրական մեկ թռիչք է իրականացվում, օդաչուներին էլ համոզելով են աշխատեցնում: Այնինչ, Վրաստանի երկու օդանավակայանների թռիչքները գրեթե հավասարվել են միմյանց:

«Գյումրիում ներդրումային ծրագիր է իրականացնում կոնցեսիոները: Բայց քանի որ շենքը որոշակի պատմամշակութային արժեք ունի, որոշակի հակասություններ կան, թե նախագծի որ տարբերակը պետք է իրականացվի: Եվ ես ստացել եմ հավաստիացումներ, որ արդեն այդ խնդիրը կարգավորման փուլում է: Եվ կոնցեսիոները պարտավորվել է, որ առաջիկայում Գյումրիի օդանավակայանը կաշխուժանա, նաև բյուջետային ավիաուղիներ, չթվերթներ կսկսեն իրականացվել դեպի Գյումրի»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այդ իրավիճակն իրենց կառավարությունը ժառանգել է: Եվ այդ պայմանագիրն ինչ-որ առումով դարձել է ՀՀ այս կառավարության պարտավորությունը: «Բայց ես համաձայն եմ, որ ցանկացած իրավիճակ պետք է օպերատիվ կառավարենք: Եվ եթե տեսնենք, որ չկան իրական տեղաշարժեր, և իրավիճակի բարելավում չենք ունենում, պետք է մտածենք, թե ինչ է սխալ այդ համակարգում»,-նշեց վարչապետը:

Վարչապետը շեշտեց, որ կոնցեսիոները հավաստիացրել է, որ իրենք պատրաստվում են լուրջ ներդրումներ կատարել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում: Եվ կառավարությունը կհետևի այդ գործընթացին և դրա համատեքստում կանի հետևություններ:

Փաշինյանը նկատեց նաև, որ «Զվարթնոց» օդանավակայանը մոտեցել է ուղևորափոխադրումների իր լիմիտին: Եվ, իհարկե, այնտեղ վերակառուցման և ծավալների ընդլայնման անհրաժեշտություն տեսավ:

Նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ կառավարությունը հաստատել էր «Զվարթնոց» միջազգային և Գյումրիի «Շիրակ» oդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր պլանը:Ներկայացվող մաստեր պլանով նախատեսվում է կատարել շուրջ 38.2 մլն դոլարի ներդրումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում