Հասարակական

Կառավարությունը ներդնում է նոր բուժօգնության փաթեթ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը ներդնում է նոր բուժօգնության փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը ներդնում է նոր բուժօգնության փաթեթ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այն տարածվելու է հետևյալ կատեգորիայի անձանց վրա. ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր բալ ունեցող, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, ծերանոցներում ու անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք, բռնադատվածներ, Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները, մարդկանց թրաֆիքինգի ենթարկված անձինք, ձերբակալված եւ կալանավորված անձինք:

«Նրանց համար գործելու է նույն փաթեթը, ինչը գործել է նախկինում զինծառայողների և սոցփաթեթի շահառուների համար՝ հավելյալ 18 թանկարժեք բժշկական միջամտություններով: Դրանց մեջ են սրտի վիրահատությունները, գլխուղեղի վիրահատությունները, աչքի վիրահատությունները, լիպոտրիպսիան և այլն: Դրա համար մենք պետական բյուջեից հատկացրել ենք 1,4 մլրդ դրամ, և ողջ փաթեթը կազմելու է մոտ 3 մլրդ դրամ: Նվազեցվել է նաև կոռուպցիայի ռիսկը և այս քաղաքացիները որևէ այլ վճար չպետք է կատարեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:

Նրա խոսքով՝ երկրորդ փոփոխությունը վերաբերում է ստոմատոլոգիական բուժօգնությանը. «Սահմանվել է, որ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30 ու ավելի բալու նեցող անձինք, առաջին կարգի հաշմանդամները, մինչև 7 տարեկան երեխաները, 7-12 տարեկան սոցիալապես անապահովների ցանկում ընդգրկված երեխաները, զորակոչային ու նախազորակոչային տարիքի անձինք ստոմատոլոգիական ծառայություններ ստանում են առանց համավճարի կիրառման: Հիմա ամբողջությամբ պետությունը կվճարի: Այս ծրագրի համար նախատեսված է 500 մլն դրամ»,- ասաց նա:

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ առաջին փոփոխությունը տարածվելու է շուրջ 230 հազար մարդու վրա, որի արդյունքում կանխատեսված դեպքերի քանակը մոտ 16 հազար կլինի, 12 հազարի փոխարեն, այսինքն՝ մոտ 4 հազարով կավելանա դիմելիությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում