ՀՀ կառավարության անդամները երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները
3 րոպեի ընթերցում
![ՀՀ կառավարության անդամները երդվեցին բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորությունները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/01/962491.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Նախագահական նստավայրում, ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, հունվարի 30-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության անդամների երդման արարողությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ`առաջինն ամբիոնին մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընթերցելով երդման տեքստը.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Այնուհետ հերթով երդվեցին կառավարության մյուս անդամները:
Երդման արարողության ավարտին Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորեց վարչապետին և կառավարության անդամներին:
Կառավարությունն այս կարգով երդմնակալության արարողություն է անցկացնում երկրորդ անգամ: Առաջին անգամ Հայաստանի քաղաքական և պետական կառավարման մշակույթում նման իրադարձություն տեղի է ունեցել 2018թ. մայիսի 21-ին:
Հունվարի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց Հանրապետության վարչապետ, իսկ հունվարի 19-ին նախագահը մի խումբ նախարարների նշանակման հրամանագրեր ստորագրեց:
Նախագահի հրամանագրերով՝ Զոհրաբ Մնացականյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնում, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության նախարարի պաշտոնում, Արայիկ Հարությունյանը՝ կրթության և գիտության նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնում, Էրիկ Գրիգորյանը՝ բնապահպանության նախարարի պաշտոնում, Ֆելիքս Ցոլակյանը՝ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնում, Ատոմ Ջանջուղազյանը՝ ֆինանսների նախարարի պաշտոնում, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարարի պաշտոնում, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարարի պաշտոնում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում է նշանակվել Զարուհի Բաթոյանը: