Հասարակական

Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ

2 րոպեի ընթերցում

Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկը: Այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6000 առաջատար մասնագետների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաև ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գալաքսի» ընկերությունների խմբից, ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կտարբերվի իր տեսակով ու մասշտաբով։ Ներկայումս աշխարհում բազմաթիվ են փոքր ու միջին պարկեր բացառապես ՏՏ կամ ինժեներական ուղղությամբ։ Երևանում կառուցվող պարկը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների և ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։

Նորարարության և տեխնոլոգիաների պարկի փիլիսոփայությունը ինովացիաներ ծնող «էկոհամակարգի» ստեղծումն է, որը հնարավոր կլինի կրթական, հետազոտական և զարգացման մասշտաբային ծրագրերի իրականացմամբ և ոլորտը ներկայացնող կառույցների ներգրավմամբ։ Պարկում ներկայացված կլինեն «սթարթ-ափներ» ու վենչուրային ֆոնդեր, կներդրվեն «ինկուբացիոն» ու «աքսելերացիոն» ծրագրեր։

Պարկը հավակնում է դառնալ այն հավաքատեղին, որտեղ ՏՏ-ն հանդիպելով տնտեսության առանցքային ուղղությունների հետ, կսահմանի հաջորդ սերնդի սպառման ապրանքների և ծառայությունների ինովացիան՝ դառնալով Հայաստանի ու հայկական նորարարական մտքի այցեքարտը աշխարհում։

Ծրագրի նախաձեռնությունը «Գալաքսի» ընկերությունների խմբինն է՝ հայկական ՏՏ համայնքի հետ համատեղ։ Գործընթացի պլանավորման աշխատանքները տևել են ավելի քան 2 տարի, և մասշտաբային այս ծրագրի մանրամասները կհրապարկվեն շուտով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում