Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանել է մարտական պատրաստության հավակնոտ պահանջներ

3 րոպեի ընթերցում

 ՀՀ պաշտպանության նախարարությունը սահմանել է մարտական պատրաստության հավակնոտ պահանջներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերում վերջին շրջանում հսկայական ծավալի աշխատանք է կատարվել: Մասնավորապես, փոփոխություններ են կատարվել մարտական պատրաստության պահանջների մեջ: Սահմանվել են ավելի հավակնոտ պահանջներ: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Իրերի և այլ հարցերի ապահովման ոլորտում իրականացվեցին բարեփոխումներ, նախադրյալներ ստեղծեցինք հետագա անելիքների համար: Ասեմ, որ բանակում ամեն ինչ արվում է՝ դժբախտ պատահարները կրճատելու համար: Վիճակագրություն ճիշտ չի լինի ասել, բայց վստահեցնում եմ, այդ ուղղությամբ ակտիվորեն աշխատում ենք, բարձրացնում ենք կարգապահությունը, անվտանգությանը միտված բոլոր գործողություններն արվում են, ուշադրություն ենք դարձնում միջանձնային հարաբերություններին: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու հոգեբանական խնդիրներ ունեցող զինծառայողներին, որովհետև ինքնասպանությունների խնդիրներ առաջանում են հենց նման զինծառայողների մոտ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավիթ Տոնոյանը:

Ինչ վերաբերում է սահմանին տեղի ունեցած դեպքերին, ապա Պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ վերջին ամիսներին, հակառակորդի գործողություններով պայմանավորված, սահմանին ունեցել ենք դեպքերի ցածր թվաքանակ: «Դա եղել է և՛ քաղաքական պայմանավորվածություններով, և մեր Զինված ուժերի վարած հմուտ մարտավարության շնորհիվ»,-ասաց Դավիթ Տոնոյանը:

Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը: ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում