Վահե Էնֆիաջյանը խոստացավ ընդդիմադիր փոխխոսնակի պաշտոնում ժողովրդի ձայնը բերել խորհրդարան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նորընտիր փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը խոստանում է խորհրդարան բերել ժողովրդի ձայնը և իր առաքելությունը կատարել պատվով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էնֆիաջյանն այս մասին ասաց ԱԺ ամբիոնից:
«Այսօր խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ամենատարբեր հիմնախնդիրներին անդրադարձավ, և վստահաբար ասում եմ, որ ինձ համար չափազանց պատասխանատու առաքելությունը կատարելու եմ պատվով և ժողովրդի ձայնը բերելու եմ խորհրդարան»,-ասաց Էնֆիաջյանը:
Նա նաև բնական համարեց, որ խորհդարանում պետք է լինի բազմակարծություն: Էնֆիաջյանը նույն պաշտոնի համար «Լուսավոր Հայաստան» խմբակցության թեկնածու Մանե Թանդիլյանին նվիրեց ծաղիկներ:
Քվեարկության մեկնարկից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնել էր, որ իրենց խմբակցությունը ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի համար ձայն է տալու մեծ համամասնությամբ ներկայացված թեկնածուին: Էնֆիաջյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 108 պատգամավոր:
Ազգային ժողովի մյուս փոխնախագահներն են Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը: Ազգային Ժողովի երկու փոխնախագահների պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի և Լենա Նազարյանի թեկնածությունը, իսկ ԱԺ 3-րդ փոխնախագահի պաշտոնը Սահմանադրության համաձայն պետք է տրվեր ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից որևէ մեկին:
Ընդդիմության փոխխոսնակի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Վահե Էնֆիաջյանի, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ Մանե Թանդիլյանի թեկնածությունը: