Հասարակական

Հանրապետությունում H1N1 վիրուսով պայմանավորված սահմանային վերահսկողության կարիք չկա 

2 րոպեի ընթերցում

Հանրապետությունում H1N1 վիրուսով պայմանավորված սահմանային վերահսկողության կարիք չկա 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում շրջանառվում են H1N1 վիրուսի Ա և Բ ենթատեսակները, որոնցից 99 տոկոսը գրիպի Ա ենթատեսակն է, 1 տոկոսը՝ Բ ենթատեսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Նրա խոսքով՝ նույն պատկերը մեր հարևան երկրներում է, ինչպես նաև եվրոպական երկրներում: «Ներկա պահին մեր հետազոտած 549 նմուշից 51-ը H1N1 էին, մնացածը այլ շնչառական վարակներ են եղել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հանրապետությունում H1N1 վիրուսով պայմանավորված սահմանային վերահսկողության կարիք չկա:

Վանյանը նշեց, որ Հայաստանն այն երկրների շարքին է պատկանում, որտեղ համարյա բոլոր ռիսկային խմբերի մոնիթորինգ է իրականացվում: «Պոլիկլինիկական դիմելիությունը այս պահին կազմում է 1251 անձ, անցյալ տարվա 967-ի փոխարեն: Ստացիոնարներում 693 հիվանդ ունենք՝ անցյալ տարվա 658 հիվանդի փոխարեն»,-նշեց Վանյանը՝ հավելելով, որ սուր շնչառական հիվանդությունների որոշակի աշխուժացում կա, սակայն համաճարակաբանական ցուցանիշներով էական լուրջ բարձրացում չունենք:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենն ընդգծեց, որ ուսումնական հաստատություններում իրականացվող համաճարակաբանական ֆիլտրի արդյունքում, հունվարի 10-ի դրությամբ 432 երեխա տուն է ուղարկվել, որից 250-ը՝ մարզերից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում