Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ ԱԺ-ում քիչ պատգամավորներով ներկայացված լինելը չի խոչընդոտելու իրենց աշխատանքին

2 րոպեի ընթերցում

Էդմոն Մարուքյանը վստահեցնում է՝ ԱԺ-ում քիչ պատգամավորներով ներկայացված լինելը չի խոչընդոտելու իրենց աշխատանքին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» խմբակցությանն ԱԺ-ում քիչ պատգամավորներով ներկայացված լինելը չի խանգարելու իրենց տեսլականն ու մոտեցումները ներկայացնելուն: Այս խմբակցության դերակատարությունն ավելի նվազ չէ, քան մյուսներինը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման տեսակետ հայտնեց խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորները շատ են, բայց ճիշտը մնում է ճիշտ: Չնայած քանակին՝ շատ լավ պատկերացնում եմ մեր աշխատանքը: Մենք ներկայացնելու ենք մեր մոտեցումները, մեր տեսլականը: Քանակը ՀՀ քաղաքացիներն են որոշել: Եվ բոլորս հաշվի ենք նստում այդ որոշման հետ: Բայց այդ նույն քաղաքացիները նաև որոշել են, որ մենք Հայաստանում երրորդ ուժն ենք: Եվ հետևաբար, եթե մի ուժի քանակը շատ մեծ է, մյուսինը՝ այնքան էլ ոչ, դեռ չի նշանակում, որ մեր դերակատարությունն ու կարևորությունն ավելի քիչ է, քան մյուսներինը»,-ասաց Մարուքյանը:

Նա նշեց նաև՝ ճիշտ է համարում, ԱԱԾ-ն և ոստիկանությունը վերադառնան խորհրդարանական վերահսկողության դաշտ: Դրանք ներկայում վարչապետի վերահսկողության տակ են:

Անդրադառնալով տեսակետին, թե 7-րդ գումարման խորհրդարանում ընդդիմություն չի լինելու, Մարուքյանն ասաց՝ կարծիքը, թե «Լուսավոր Հայաստան»-ն ընդդիմություն չի կարող լինել, քաղաքական անհեռատեսության արդյունք է:

Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլի» չորս մանդատը ստանալու են Հայաստանի եզդի, ռուս, ասորի և քուրդ ազգային փոքրամասնությունների 1-ական ներկայացուցիչ։ 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստը կայանալու է հունվարի 14-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում