Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը պատշաճ կազմակերպելու նպատակով որոշ գերատեսչությունների աշխատակիցներ կպարգևատրվեն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համար դրամական պարգևատրմամբ խրախուսելու նպատակով կառավարությունը անհրաժեշտ միջոցներ հատկացրեց:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ նպատակով պահուստային ֆոնդից կհատկացվի 23 մլն 510 հազար դրամ՝ որոշ գերատեսչությունների աշխատակիցներին խրախուսելու նպատակով:
Մասնավորապես, նշված գումարը կբաշխվի Ազգային ժողովի աշխատակազմին, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Առողջապահության, Արտաքին գործերի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններին, Դատախազության, Ոստիկանության, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, ԱԳՆ պետական արարողակարգի ծառայությանը:
Որոշումը ընդունվելուց հետո շրջանառության մեջ կդրվի «Դրամական պարգևատրմամբ խրախուսելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ: