Հասարակական

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ

2 րոպեի ընթերցում

Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու որոշման դեմ

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Ազգային Ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

«Գլխավոր դատախազությունը ստացել է դատարանի որոշումը, այն հիմնավոր չէ, և Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացնելու դատարանի որոշման դեմ»,-ասաց Արևիկ Խաչատրյանը։

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում