ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար
2 րոպեի ընթերցում
![ՌԱԿ-ը հույս է հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/12/957788.jpg)
ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռամկավար Ազատական կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում շնորհավորել է համայն հայությանըժողովրդավարական ընտրություններ ունենալու իրողության առիթով և հույս հայտնել, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար: «Արմենպրես»-ը ներկայացնում է կուսակցության տարածած հայտարարությունը
«2018 դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում թավշյա հեղափոխության շարունակության տրամաբանությամբ ժողովուրդը քվեարկեց «Իմ քայլը» դաշինքի կամ որ նույնն է` գործող իշխանությունների օգտին:
Մի քանի օբյեկտիվ պատճառներով ընտրություններին չմասնակցած Ռամկավար Ազատական կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած «ժողովրդի հետ, ժողովրդի համար» հավատամքին և անսալով դրական վերափոխումների ու առաջընթացի համաժողովրդական ձգտումներին`իր անդամներին և համակիրներին կոչ էր արել իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների օգտին:
Այսօր, երբ մեր այդ նպատադրումն արդեն իրողություն է, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը և Գերագույն խորհուրդը Հայաստանում և Սփյուռքում կուսակցության բոլոր անդամների անունից շնորհավորում են համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու իրողության առիթով և հույս հայտնում, որ խորհրդարան անցած բոլոր քաղաքական ուժերը կանեն ամեն ինչ ժողովրդի վստահությունն արդարացնելու համար:
Ակնհայտ է, որ «Իմ քայլը» դաշինքին ձայների բացարձակ մեծամասնության քվեն տալով ժողովուրդն ակնկալում է նաև բացարձակ դրական փոփոխություններ կյանքի բոլոր ասպարեզներում: Ռամկավար Ազատական կուսակցությունը գալիս է միանալու ժողովրդի այդ ակնկալիքին և իր զորակցությունն է հայտնում երկրում իրականացվելիք բոլոր դրական վերափոխումներին, այդ թվում`արտագաղթի ծավալները կրճատելու, հայրենադարձությունը քաջալերելու, Հայաստան-Արցախ-Սփյուռք իսկական և արդյունավետ եռամիասնություն ստեղծելու, հայության իղձերի իրականացման համար ճանապարհ հարթելու ուղղությամբ»: