Մշակույթ

Երևանը կընդունի իտալական բարձրարժեք արվեստի «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

Երևանը կընդունի իտալական բարձրարժեք արվեստի «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Արիչչա քաղաքի «Պալացցո Կիջի» թանգարանում պահվող բարոկկո ոճի 55 բարձրարվեստ նմուշ կընդգրկի «Բեռնինիի դպրոց. հռոմեական բարոկկո» ցուցահանդեսում: «Արմենպրես»-իհաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում:

«Ցուցահանդեսը բաց կլինի երկու ամիս և 15 օր: Այսպիսի քանակությամբ իտալական ստեղծագործություններ Հայաստան երբևէ չեն բերվել: Սա մեծ իրադարձություն է մեր երկրի համար: Շատ կցանկանանք նաև մեր արվեստի գործերը, որոնք պակաս արժեք չունեն, ցուցադրել Հռոմում»,- դեկտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը և հավելեց, որ Հայաստանն ու Իտալիան մշակութային սերտ կապեր ունեն, անհրաժեշտ է զարգացնել ու ամրապնդել դրանք:

ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն շեշտեց, որ ցուցահանդեսում ներառված է Կիջիի պալատի տիրոջ դիմանկարը, մարդ, որը հետագայում դարձավ Հռոմի պապ: «Բարեբախտաբար, այդ ժամանակահատվածում եղել են Հռոմի այնպիսի պապեր, որոնք մեծ ժառանգություն են ստեղծել ու այն փոխանցել սերունդներին»,-ասաց դեսպանը:

Նրա խոսքով` երբ իրեն Հայաստանում դեսպան են նշանակել, ինքն ասել է, որ մշակույթն այն սյուներից է, որի վրա պետք է հենվել ու զարգացնել հայ-իտալական հարաբերությունները: «Մայիսից մինչ օրս 12 մշակութային նախաձեռնություն ենք իրականացրել, բայց այս ցուցահանդեսն ամենախոշորն է ու նշանակալին»,- ընդգծեց Վինչենցո դել Մոնակոն ու հավելեց, որ ուրախ կլինի օգնել հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես կազմակերպել Հռոմում:

Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը հավաստիացրեց, որ ճիշտ մարքեթինգի արդյունքում ցուցահանդեսը կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել հանրության շրջանում և գուցե ունենա Հովհաննես Այվազովսկուն նվիրված ցուցահանդեսի հաջողության կեսը: Ինչո՞ւ կեսը, քանի որ Այվազովսկին մեր հայրենակիցն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում