«Մենք»-ն ու «Սասնա ծռեր»-ը կարևորում են գենդերային հավասարությունն ընտրապայքարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մենք» դաշինքի պատգամավորի թեկնածու Լուսինե Զակալաշվիլին կարծում է, որ կանանց ներգրավվածությունը քաղաքականության մեջ պետք է լինի ոչ արհեստական:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը Զակալաշվիլին ասաց, որ իրենց դաշինքի փոխնախագահը ևս կին է, և «Մենք»-ը դրական է գնահատում կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին: «Արտահերթ ընտրություններին մենք այն քիչ դաշինքներից ենք, որ ինչպես օրենքն է ասում, մեր դաշինքում ունենք ոչ թե 2, այլ 3 կին, ինչը գենդերային հավասարության կարևորության մասին է խոսում»,-նշեց նա:
«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորության թեկնածու Ալեք Ենիքգոմշյանն էլ հավելեց, որ կանանց խնդիրները չպետք է մեկուսացնել հասարակությունից և առանձին դիտարկել: «Քաղաքական գործընթացներում կանանց ներկայացվածության խնդիրը կարևոր է: Մենք մեր նախընտրական հակիրճ ծրագրում հատուկ չենք անդրադարձել կանանց իրավունքներին, բայց դա չի նշանակում, որ չենք կարևորում: Մենք պիտի գիտակցենք, որ մեր երկրում ամենահիմնական հարցերից, սպառնալիքներից մեկը ժողովրդագրական համաղետն է և բոլորս պիտի լուծենք այդ խնդիրը»,-հավելեց նա:
2018 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ համապետական ցուցակներում կին թեկնածուների թիվը այս տարի կազմում է 32.4 տոկոս: 2017 թվականին նույն թիվը կազմել է 29.5 տոկոս:
Վարկանիշային ընտրացուցակներում 13 ընտրատարածքներում 1326 թեկնածուների 33.8 տոկոսը կանայք են: