ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում. հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԶՈւ-ն իրականացրել է «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում. հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/11/956043.jpg)
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զինված ուժերը իրականացրել են «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակում: Հրթիռը ճշգրիտ խոցել է պայմանական թիրախը՝ 65 կիլոմետր հեռավորությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Զինուժ» հաղորդաշարը բացառիկ ռեպորտաժ է պատրաստել «Տոչկա» հրթիռային համակարգի փորձնական արձակման մասին:
Հեռուստադիտողները ռեպորտաժը դիտելու հնարավորություն կունենան դեկտեմբերի 1-ին, ժամը 21:45-ին Հանրային հեռուստաընկերության եթերում
«Զինուժ մեդիա»-ն «Յութուբ»-ում արդեն տարածել է ռեպորտաժի կարճ անոնսը, որում կարելի է տեսնել «Տոչկա»-ի համազարկը:
«Տոչկա» («Տոչկա-Ու») մարտավարական համալիրի հրթիռը իրենից ներկայացնում է թռիչքի ամբողջ ընթացքում կառավարելի միաստիճան պինդվառելիքային բալիստիկ հրթիռ, որը կազմված է 9Մ79 (9Մ79Մ, 9Մ79-1) հրթիռից, X-անման դասավորությամբ ղեկերից, թևերից և թռիչքի ժամանակ չանջատվող գլխամասից (ԳՄ):