Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը կառավարման խորհրդարանական համակարգը փոխելու անհրաժեշտություն չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հնարավորությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաերևանյան քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումները ինքնանպատակ չպետք է լինեն: «Սահմանադրական բարեփոխումները պետք է լինեն ինչ-որ նպատակի հասնելու միջոց: Այնտեղ, որտեղ մեզ անհրաժեշտ լինի կիրառել այդ միջոցը, կկիրառենք նաև դա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Փաշինյանը:

Հարցին՝ առաջիկա ընտրություններում հաջողության հասնելու դեպքում պատրաստվո՞ւմ է պահել կառավարման խորհրդարանական համակարգը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Այո, այս պահին ես դա փոխելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:

Իսկ դիտարկմանը, թե նախկինում «Ելք» խմբակցությունը քննադատում էր գործող համակարգը՝ անվանելով այն սուպերվարչապետական համակարգ՝ Փաշինյանն ընդգծեց, որ արդեն ասել է, որ պետք է ձևավորվի իրական խորհրդարանական կառավարման համակարգ:

Անդրադառնալով իր լիազորությունների կրճատման հնարավորության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ վարչապետի և խորհրդարանի լիազորությունների հավասարակշռություն պետք է լինի, սակայն դա պետք է այնպես անել, որպեսզի իշխանության կառուցվածքը չխարխլվի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում