Հասարակական

Նախագահի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26

2 րոպեի ընթերցում

Նախագահի նստավայրը տեղափոխվում է Բաղրամյան 26

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի նստավայրը Մաշտոցի 47 հասցեից տեղափոխվելու է Բաղրամյան 26: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պաշտոնատար անձանց գործունեության ապա­հով­ման, սպասարկման և սոցիալական երաշ­խիքների մասին» Հայաստանի Հանրա­պետու­թյան օրեն­քում փոփոխություններ և լրացում կա­տարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում:

«Նախատեսվել էին պաշտոնատար անձանց գործունության ապահովման դրույթներ: Վարչապետի նստավայր էր սահմանվել Բաղրամյան 26-ը, իսկ նախագահինը` Մաշտոցի 47-ը: Զուգահեռաբար, կառավարության աշխատակազմին տրամադրված էր Հանրապետության հրապարակ 1 շինությունը, հետագայում այն հանձնվեց վարչապետի աշխատակազմին: Ստացվեց, որ վարչապետն ունեցավ երկու նստավայր: Կառավարությունը վարչապետի գլխավորությամբ կարծում է, որ վարչապետը կառավարության գործունեության ղեկավարումն ու աշխատանքի համակարգումը կարող է իրականացնել մեկ նստավայրի միջոցով: Բացի այդ, մենք կարծում ենք, որ պատմական նշանակություն ունեցող Բաղրամյան 26-ը պետք է վերադարձնել Հանրապետության նախագահին, որը նաև Հանրապետության գլուխն է»,-ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ սա ունի խորհրդանշական բնույթ:

Նախագծին կողմ քվեարկեց 54 պատգամավոր, ձեռնպահ`2, դեմ պատգամավոր չկար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում