«Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությունը մանկապարտեզներին բուսական յուղ պարունակող կաթնաշոռ է մատակարարել. ընկերությունը տուգանվեց 20 միլիոն դրամով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նոյեմբերի 14-ին կայացած նիստում 20 միլիոն դրամով տուգանեց «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերությանը` անբարեխիղճ մրցակցության դրսևորման, ինչպես նաև սպառողներին մոլորեցնելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ Արեգ Հովհաննիսյանն ասաց, որ դիտանցումներ են իրականացվել 2 տասնյակ մանկապարտեզներում` կաթնամթերքի մատակարարման ոլորտում հնարավոր մրցակցային խնդիրների բացահայտման նպատակով: «Մանկապարտեզներում առկա կաթնամթերքը հանձնվել է փորձաքննության, որի արդյունքների համաձայն… մանկապարտեզներին մատակարարված կաթնաշոռում հայտնաբերվել է բուսական յուղ:Կաթնաշոռի մեկ կիլոգրամը մանկապարտեզներին վաճառվել է 1200 դրամով, այն դեպքում, երբ սուպերմարկետներում տվյալ արտադրատեսակի 1 կիլոգրամի միջին գինը կրկնակի անգամ ավելի է` 2200-2300 դրամ»,-ասաց նա: Բուսայուղ պարունակող կաթնամթերք է մատակարարվել «Երևանի Հ. 28 մանկապարտեզ»-ին, «Երևանի Հ. 157 մանկապարտեզ»-ին, «Երևանի Հ. 125 մանկապարտեզ»-ին, «Ժպիտներ» մանկապարտեզ-ին, «Երևանի Հ. 101 մանկապարտեզ»-ին, և «Երևանի Հ. 122 մանկապարտեզ»-ին: Վերոնշյալ հանգամանքը հանդիսանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի խախտում, քանի որ կաթնաշոռը պետք է լինի բացառապես կենդանական ծագման, այսինքն՝ բաղադրությունը 100 տոկոսով պետք է լինի վերամշակված կովի կաթը՝ առանց հավելումների:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով` կաթնամթերքը անբարեխիղճ մրցակցության տեսանկյունից ռիսկային արտադրատեսակ է համարվում: «Վերջին տարիների ընթացքում կաթնամթերք արտադրում են հիմնականում բուսայուղով, ինչն արտաքին տեսքով, համով և հոտով չի տարբերվում, բայց որակի առումով տարբեր ապրանքատեսակ է հանդիսանում: Որոշ արտադրողներ մատակարարում են բուսական յուղով պատրաստված արտադրանք, ինչը բարեխիղճ տնտեսավարողներին դուրս է մղում շուկայից»,-ասաց Շաբոյանը՝ հավելելով, որ շատ սպառողներ նախապատվություն են տալիս գներին, սակայն ցածր գինը կարող է վկայել, որ մենք գործ ունենք անբարեխիղճ մրցակցության հետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ն սեփական նախաձեռնությամբ «Ստանդարտ Դիալոգ» ընկերության միջոցով անցկացվել է ընկերության կողմից արտադրված կարագի կրկնակի փորձաքննություն: Պարզվել է, որ «Արզնի կաթ» ընկերության «քաղցրասերուցքային կարագ» անվանմամբ ապրանքը կարագ չի հանդիսանում, քանի որ դրանում կաթնային յուղի զանգվածային մասը կազմում է 0.01%-ից ցածր, այսինքն՝ այն ամբողջովին պատրաստված է բուսական յուղերից: Սա՝ այն դեպքում, երբ «կարագի» տուփի վրա նշված են «Սեփական անարատ կաթից», «Մեր գործն արդար է» գրառումները, որոնք փաստացի մոլորեցրել են սպառողներին:

Հանձնաժողովում հրավիրված լսումների ընթացքում «Արզնի կաթի» ներկայացուցիչները հակառակն ապացուցող որևէ փաստ, մասնավորապես, նույն խմբաքանակից կատարված փորձաքննության արդյունքներ, կամ այլ փաստեր չեն ներկայացրել: Նրանք խնդրել են իրենց հանդեպ կիրառել մեղմ պատասխանատվության միջոց՝ նախազգուշացում: Ընկերությունը 2014թ. ևս հայտնվել էր ՏՄՊՊՀ տեսադաշտում՝ այս անգամ ստանալով նախազգուշացում՝ թթվասերի անվան տակ թթվասերային արտադրանք իրացնելու համար: Ընկերությանը հանձնարարվել էր նաև վերացնել խախտումը՝ բացառելով սպառողների շահին վնասելու և սպառողներին մոլորեցնելուն ուղղված վարքագիծը:

Հայերեն Русский

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը