Հայաստանում գիտական արշավախումբը հայտնաբերել է խաղողի 160 սորտ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գիտական արշավախումբն ուսումնասիրել է խաղողի սորտերը և հայտնաբերել կորած համարվող կամ մինչ այժմ անհայտ 160 սորտ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի փոխտնօրեն Ֆրունզ Հարությունյանը նշեց, որ արշավախումբն այցելություններ է իրականացրել Արարատի, Արմավիրի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի մարզեր: Ուսումնասիրությունների նպատակն է ապահովել խաղողի կենսաբազմազանության պահպանումը:

«Ուսումնասիրությունների ընթացքում մեր կողմից առանձնացրել ենք սորտեր, որոնց մի մասը մինչ այժմ բացարձակապես անհայտ է եղել, նոր է նկարագրվում, մի մասն էլ ժամանակին ունեցել ենք, սակայն տարբեր պատճառներով կորցրել ենք: Այդ սորտերը կհավաքագրվեն ազգային կոլեկցիոն այգում և կպահպանվեն, հետագայում ներուժը կհստակեցվի գինեգործության ոլորտի համար»,-ասաց Ֆրունզ Հարությունյանը: Նրա խոսքով՝ հայտնաբերված սորտերից մի քանիսը յուրահատուկ հատկություններ ունեն: Հայտնաբերված սորտերից երկուսն ունեն ներկված պտղամիս, իսկ գինեգործները կարիք ունեն բարձրարժեք սևապտուղ սորտերի: Արդեն մասնավորի մոտ փորձարկում է արվում:

Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մելյանը նշեց, որ Հայաստանը շատ հարուստ է խաղողի սորտերով:

«Նախկինում մեծ աշխատանք է տարվել այդ սորտերի հայտնաբերման ուսումնասիրման, կենտրոնացման ուղղությամբ: Մինչև 1992 թվականը կար կոլեկցիոն այգի, որն ընդգրկում էր մոտ 900 սորտ, սակայն հետագայում այն սեփականաշնորհվեց և ոչնչացվեց: 2016 թվականին ստեղծեցինք նոր կոլեկցիոն այգի, որտեղ ընդգրկված է մոտ 300 սորտ: Այս վերջին ուսումնասիրությունների արդյունքում նոր սորտեր հայտնաբերվեցին, ինչը շատ կարևոր է: Մենք պարտավոր ենք այդ սորտերը պահպանել և փոխանցել հաջորդ սերնդին»,-ասաց Գագիկ Մելյանը:

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի Բույսերի գենետիկայի և իմունաբանության խմբի ղեկավար, ԵՊՀ Գենետիկայի բջջաբանության ամբիոնի դասախոս Քրիստինե Մարգարյանի ղեկավարությամբ աշխատանքային խումբը, Գերմանիայի խաղողի սելեկցիայի ինստիտուտի հետ համատեղ վերջին երկու տարում Հայաստանում իրականացրել է եվրոպական ստանդարտներին համապատասխան խաղողի կոլեկցիոն այգու գենոտիպավորում՝ խաղողի հայկական սորտերի գենոֆոնդի մանրակրկիտ ուսումնասիրություն:

«Աշխատանքների արդյունքում արդեն կոլեկցիոն այգում գտնվող բոլոր սորտերը գենոտիպավորվել են, յուրաքանչյուր սորտ ունի իր գենետիկական անձնագիրը: Աշխատելով Գերմանիայում՝ հնարավորություն կար ծանոթանալու եվրոպական տվյալների, և մենք կատարեցինք սորտերի նույնականացում»,-ասաց Քրիստինե Մարգարյանը:

Խաղողի սորտերի ուսումնասիրությունները կլինեն շարունակական: Նախատեսվում է ստեղծել խաղողի սորտերի տեղեկատվական բազա, ինչը կցված է լինելու եվրոպական բազային:

«Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Մենք սրանով կարող ենք բարձրացնել մեր սորտերի, խաղողագործության ճանաչելիությունը: Կային դեպքեր, երբ մեր հայկական սորտերի բնօրրանը եվրոպական բազայում նշված էր Ադրբեջան: Մեր ստեղծած տվյալների բազան թույլ կտա լուծել նաև այդ խնդիրը, և մեր սորտերի դիմաց պետք է նշվի՝ Հայաստան»,-ավելացրեց Քրիստինե Մարգարյանը:

Հայերեն

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունվել է Հայաստանի նախաձեռնած «Կրթություն խաղաղության համար» բանաձևը