ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ցավով է հիշում Աֆրիկյանների քանդված շենքը, բայց վստահեցնում է, որ այն կարելի է վերականգնել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանն ասաց, որ եթե ճարտարապետ լիներ, երբեք նման բան թույլ չէր տա: «Ես տխուր եմ, որ այդ շենքը քանդեցին, բայց հանգիստ եմ այդ շենքի հետ կապված, քանի որ ամեն մի քարը փրկվել է, և կարելի է այն վերակառուցել»,-ասաց նա: Երևանի գլխավոր ճարտարապետն ուրախությամբ նշեց, որ Ֆիրդուսի փողոցում կառուցապատողներն արդեն պատրաստ են սկսել շինարարությունը: «Ես պետք է նպաստեմ նրան, որ Ֆիրդուսի տարածքում շինարարությունն արագանա»,-հավելեց նա: Մեսչյանը վստահեցրեց, որ շինարարական ծրագրերը քաղաքի կենտրոնից հնարավորինս պետք է դուրս հանել: «Մեր քաղաքը շատ լավն է: Ինչքան ուզեցին կեղտոտել, չի ստացվում: Չլուծվող հարցեր այստեղ չկան: Դրա համար պետք է բոլորը նույն գնացքի մեջ լինեն, և ամեն բան կշտկվի»,-ընդգծեց մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետը: