Վալերի Օսիպյանը կարևորում է համաներման գործընթացում ազատ արձակվող անձանց գործողություններից տուժած պատանդների կարծիքը հաշվի առնելը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը համաներման գործընթացում մեծապես կարևորում է ազատ արձակվող մարդկանց գործողություններից տուժած անձանց, պատանդների կարծիքը հաշվի առնելը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա նման տեսակետ հայտնեց նոյեմբերի 6-ին ԱԺ-ում՝ պատասխանելով դիտարկմանը, թե ինքը ևս ՊՊԾ գնդի գրավման դեպքերի ժամանակ պատանդ է եղել, իսկ այդ գործողությունը կատարած անձինք հիմա պետք է համաներմամբ ազատ արձակվեն:
«Կիսում եմ զոհվածների հարազատների մտահոգությունը շատերին համաներմամբ ազատ արձակելու համար: Մենք կորցրել ենք ընկերներ՝ լավագույններին: Այս պահին համաներման տեքստում նշված է, որ պետք է հաշվի առնեն պատանդների կարծիքը: Ես կողմ եմ այդ կարծիքին, այո, պետք է իմ և մյուս պատանդների, տուժող ճանաչված անձանց կարծիքը հաշվի առնել: Պետք է հաշվի առնել պատանդների կարծիքը»,-ասաց Օսիպյանը:
Նա նշեց, որ 2016-ի հայտնի իրադարձություններից՝ ՊՊԾ գնդի գրավման գործընթացներից հետո ինքը բազմիցս հայտնել է իր դիրքորոշումը և այն պնդում է նաև հիմա: «Նախաքննության ժամանակ ես սպառիչ ցուցմունքներ եմ տվել և որպես իրավապահ մարմնի կառույցի ղեկավար, կարծում եմ, որ հանցանք կատարած յուրքանչյուր անձ պետք է պատասխան տա օրենքի առաջ»,-նշեց Օսիպյանը:
Նա նաև նշեց, որ կառավարության դռնփակ նիստում արտահայտել է իր կարծիքը, բավարարված է համաներման տեքստով: Օսիպյանը չբացառեց, որ կան կրկնահանցագործությունների ռիսկեր համաներումից հետո: «Սակայն ես ողջունում եմ համաներումը: Այն ինքնին մարդասիրական մոտեցում է: Կան մարդիկ, որոնց վարքը քրեակատարողական հիմնարկներում գնահատում եմ դրական, նրանք կհայտնվեն դրսում: Չեմ բացառում, որ այդ մարդիկ ուղղվել են, բայց նաև չեմ բացառում, որ կրկնահանցագործություններ կլինեն»,-նկատեց նա:
Սակայն նա շեշտեց, որ իրենց՝ ոստիկանության առաջնային գործողություններից են կանխարգելման աշխատանքները: Ոստիկանությունը կիրականացնի այդ պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքները, որպեսզի կրկին հանցագործություններ չկատարվեն: