Քաղաքականություն

Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

2 րոպեի ընթերցում

Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է. Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չընտրվեց վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ փուլով կրկին Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Վեցերորդ գումարման Ազգային ժողովն արձակվելու է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը կողմ և դեմ չքվեարկեց ոչ մի պատգամավոր, ձեռնպահ քվեարկեց 13 պատգամավոր:

Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 53 կողմ ձայն:

Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ էր, որ Ազգային ժողովն արձակվում է սահմանված ժամ կետից շուտ:

Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն էր: Նրա թեկնածությունն առաջադրել են ԱԺ «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները: Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում առաջադրվել էր նաև վարչապետի ընտրության առաջին փուլում, սակայն դա ֆորմալ բնույթ էր կրում, քանի որ հոկտեմբերի 16-ին, վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը սկիզբ դրեց խորհրդարանն իրավունքի ուժով արձակելու և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին: Հոկտեմբերի 24-ի ԱԺ հերթական նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր ընտրվել վարչապետի պաշտոնում: Երկրորդ փուլում ևս Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է՝ չընտրվելու կանխավարկածով: Եթե վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում խորհրդարանը վարչապետ չի ընտրում, Ազգային ժողովն արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում