Մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածության փաստն առավել քան հիմնավոր է. Սասուն Խաչատրյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձավ «Մարտի 1»֊ ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես մեղադրյալ հետախուզում հայտարարելու հարցին և վերջինիս կողմից հայտարարությանը, թե ինքը ՀՔԾ-ին տեղյակ է պահել իր գտնվելու մասին և կարիք չկար հետախուզում հայտարարելու:

«Հետախուզումը ոչ միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այն ենթադրում է նաև հետախուզվողին վարույթ իրականացնող մարմին ներկայացնելը: Միայն վայրը հայտնի լինելը չի նշանակում, որ չի կարող հետախուզում հայտարարվել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՔԾ պետը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Նրա խոսքով՝ Վահագն Հարությունյանը Հայաստանի սահմանները լքել է այս տարվա հուլիսին: Հարցին, ինչու մի այդ նրան հարցաքննության չեն կանչել, Սասուն Խաչատրյանը նշեց. «Հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ունենա արդյունավետություն, այսինքն` անձը կանչվում է հարցաքննության, երբ ունենք տրվելիք հարցեր և որոշակի հանգամանքների շուրջ նա պետք է հարցաքննվի: Այս հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին: Ոչ ասեկոսեները, ոչ օպերատիվ տվյալները, այլ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հստակ ընթացակարգերով ձեռք բերված ապացույցներն են հիմք տալիս անձին ներգրավել որպես մեղադրյալ»,- ասաց նա:

Հարցին, արդյոք Վահագն Հարությունյանի մեղադրանքը, մասնավորապես, 1000 պարկուճ ոստիկանության Ներքին զորքերի սպառազինության պարկուճներով փոխարինելը հիմնավորում է Մարտի 1-ի դեպքերին բանակի ներգրավվածությունը՝ Սասուն Խաչատրյանն ասաց, որ այդ փաստն առավել քան հիմնավոր է, առանց այս դեպքի բացահայտման: «Կան կասկածներ, թե ում ցուցումով են դրանք փոխարինվել, բայց հիմա չեմ բարձրաձայնի, քննություն է գնում, արդյունքների մասին կտեղեկացնենք:Մեր ապացույցները խոսում են այն մասին, որ առնվազն 1000 պարկուճ փոխարինվել են Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող հրազեններից կրակված պարկուճներով»,- ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:

Ըստ ՀՔԾ հաղորդագրության, պարզվել է, որ Վահագն Հարությունյանը, 2007-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի պաշտոնը, կազմակերպել է ապացույցների կեղծումը, մասնավորապես՝ նպատակ ունենալով թաքցնել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ «ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները»:

Հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի վայրի տարբեր տեղամասերից զննությամբ հայտնաբերված տարբեր տեսակի և տրամաչափի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինվել են ՀՀ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով: Այնուհետև այդ պարկուճները տրամադրվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ, նշանակված դատաձգաբանական փորձաքննությունը կատարող Ա. Հ.-ին: ֊ «Վերջինս, օժանդակելով Վ. Հ.-ին, նրա կազմակերպմամբ և անմիջական ցուցումներով նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ», - ասված է հաղորդագրությունում:

Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վ. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար փորձագետ Ա. Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

«Վ. Հ.-ի և Ա. Հ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար», - նաև ասված է հաղորդագրությունում:

Այս տարվա հուլիսին արդարադատության գեներալ-մայոր Վահագն Հարությունյանն ազատվել էր Հայաստանի քննչական կոմիտեի նախագահի տեղակալի և հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»։

Մարտի 1-ի գործի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն անցած տարիներին լրագրողների հետ հանդիպումներում բազմիցս է հայտարարել, թե գործի քննությունը թերի չի կատարվում:

Հայերեն English Русский

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս