ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները գործում են հին քաղաքական տրամաբանությամբ, նրանք ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխության նախագծի հետ կապված պայմանավորվածություն են ունեցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Ելք» խմբակցությանղեկավար Լենա Նազարյանը:
«Ես գիտեմ, որ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունները գործում են հին քաղաքական տրամաբանությամբ , նրանք կուլիսներում պայմանավորվել են կոնկրետ այդ նախագծի հետ կապված: Նրանք պայմանավորվել են և մտածել, որ հնարավոր է միասին նախագիծ հեղինակել, ընդունել` մոռանալով, որ դրսում մարդիկ դա նկատում են, և դա անհետևանք չի մնա: Սակայն, ինչպես տեսանք, դա պտտվեց նրանց դեմ»,-ասաց Նազարյանը:
Նրա կարծիքով` քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն հանրային պահանջը: Հոկտեմբերի երկուսի իրադարձությունները նրանց համար պետք է դաս լինեն, չեն կարող թաքուն պայմանավորվածություններ ձեռք բերել: «Ժողովուրդը հետևողական է: Եվ եթե մյուս խորհրդարանական ուժերն առաջադրեն վարչապետի թեկնածու կամ դեմ արտահայտվեն արտահերթ ընտրությունների անցկացմանը, դա շատ վտանգավոր հետևանքներ կունենա: Հուսով եմ, որ խմբակցությունները ողջամիտ կլինեն ու այդ քայլին չեն գնա»,-ասաց Նազարյանն ու նկատեց` հանրության պահանջն է, որ հնարավորինս շուտ արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն:
Նա կարծիքով` հարցեր քննարկելու համար քաղաքականության մեջ երկխոսելու դուռը չպետք է փակ լինի:
Հոկտեմբերի երկուսի երեկոյան ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության կողմից հրավիրված արտահերթ նիստում ՀՅԴ, ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: «Ելք»-ը դրան դեմ էր արտահայտվել` որակելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ձախողելու փորձ: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց հետ հանրահավաք անցկացրեց, հետո վարչապետը հանդիպում ունեցավ խմբակցությունների ներկայացուցիչների հետ ԱԺ-ում: