Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ ԱԺ արտահերթ նիստի համար անհրաժեշտ քվորում չի ապահովվի
2 րոպեի ընթերցում
![Էդմոն Մարուքյանը հույս ունի, որ ԱԺ արտահերթ նիստի համար անհրաժեշտ քվորում չի ապահովվի](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/949441.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը շեշտում է, որ ՀՀԿ-ի ներկայացրած Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի նպատակն է կանխել վարչապետի հրաժարականի միջոցով խորհրդարանը ցրելու գործընթացը:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ականներն արտահերթ նիստ են հրավիրել, որպեսզի այդ նախագիծը քվեարկեն և անցկացնեն: «Մենք չենք գրանցվելու, մենք այստեղ ենք, որ տեսնենք, որ հանկարծ հավելյալ գրանցում ու ձայների հաշվարկ չիրականացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Մարուքյանը:
Հարցին, թե Ազգային ժողովի մոտ արդեն մարդկանց բազմություն է հավաքվել, առճակատման վտանգ չի՞ տեսնում, Մարուքյանն ասաց. «Չեմ կարծում, որ առճակատում կլինի»:
Նա ընդգծեց, որ այսօր մեկ ժամ զրույց է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` շեշտելով, որ նրա կողքին են: Մարուքյանն ընդգծեց, որ նախագծի ընդունումը կանխելու միակ տարբերակը խորհրդարանում արտահերթ նիստ անցկացնելու համար քվորում չապահովելն է: Նա հույս հայտնեց, որ այն պատգամավորները, ովքեր ևս դեմ են նախագծին, չեն գրանցվի և քվորում չի ապահովվի, որպեսզի արտահերթ նիստը կայանա: