Սպորտ

Կարինե Կարապետյանը Ռամիլ Սաֆարովի քրոջ նկատմամբ հաղթանակը նվիրել է Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Կարինե Կարապետյանը Ռամիլ Սաֆարովի քրոջ նկատմամբ հաղթանակը նվիրել է Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խառը մենամարտերի Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Կարինե Կարապետյանը (մականունը՝ Կատոկ, որը ռուսերեն նշանակում է գլանիվ մեքենա) Թբիլիսիի միջազգային մրցաշարի շրջանակում հաղթել է ադրբեջանցի Ռենա Սաֆարովային։ Վերջինս 2004 թվականին Բուդապեշտում քնած ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովի քույրն է։

Կարինե Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղթական լուսանկարն է հրապարակել և մակագրել. «Հաղթանակս նվիրում եմ հայ սպա Գուրգեն Արտուշի Մարգարյանի հիշատակին»։

Թուրքիայում հատուկ պատրաստություն անցած Ադրբեջանի ԶՈւ սպա Ռամիլ Սաֆարովը 2004թ. փետրվարին մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղություն» ծրագրի շրջանակում անգլերենի դասընթացներին, որին մասնակցում էին նաև հայ սպաներ Գուրգեն Մարգարյանն ու Հայկ Մակուչյանը:

2004թ. փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը թաքուն մտել էր Գուրգեն Մարգարյանի սենյակը և կացնահարել քնած հայ սպային: Երկարատև դատական գործընթացից հետո 2006թ. ապրիլին Սաֆարովը Բուդապեշտի դատարանի կողմից ցմահ ազատազրկման էր դատապարտվել` 30 տարի առանց ներման իրավունքի: Հունգարական դատարանը բազմիցս հայտարարել էր Սաֆարովի` հայրենիքին արտահանձնելու անհնարինության մասին, սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնեցին Ադրբեջանին, որտեղ մարդասպանին Նախագահ Ալիևն անմիջապես ներում շնորհեց, զինվորական բարձր կոչում տվեց և միանվագ վճարեց 8 տարվա աշխատավարձը: Նույն օրը պաշտոնական Երևանը կասեցրեց դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում