Իրավունք

Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միջև խնդիրը լուծված է համարում օրենսդրական կարգավորումներով

2 րոպեի ընթերցում

Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների միջև խնդիրը լուծված է համարում օրենսդրական կարգավորումներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի միջև խնդիրը, մտահոգությունը լուծված է համարում օրենսդրական կարգավորումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խունդկարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում դատարանի ընտրության հարցի քննարկմանն իր ելույթում՝ անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի հարցին:

«Հանրությունը խոսում էր Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների հակամարտության մասին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանին մեղադրում էին Սահմանադրական դատարանի որոշումները, այսպես ասած, անտեսելու մեջ»,-ասաց պատգամավոր Մախմուդյանն ու հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ն են այսօր Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների փոխհարաբերությունները:

Խունդկարյանը նշեց՝ դա հակամարտություն չէր բնորոշի: «Գուցե այդ մտահոգությունները գալիս էին նախկին օրենսդրական կարգավորումների շրջանակից: Նախկինում ՍԴ որոշումները կարող էին նոր հանգամանք ծառայել միայն այն դեպքում, երբ ՍԴ-ն իր ակտի եզրափակիչ մասում կիրառված նորմը սահմանել էր հակասահմանադրական: Մենք ունենում էինք բազմաթիվ իրավիճակներ, երբ սահմանադրական դատարանն իր որոշման պատճառաբանական մասում լայն մեկնաբանություններ տալով հանդերձ՝ եզրափակիչ մասում ֆիքսում էր, որ նորմը չի հակասում սահմանդրությանը»,-ասաց Խունդկարյանն ու հավելեց՝ նախկին օրենսդրական կարգավորումներն ու ներկայիս կարգավորումները էականորեն տարբերվում են:

Նա վստահեցրեց՝ օրենսդրական փոփոխություններից հետո Մախմուդյանի ակնարկած հակամարտությունը գոյություն չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում