Չինաստանը Հայաստանին է նվիրաբերում շտապ օգնության 200 նոր ավտոմեքենա. ողջ պահանջարկը կբավարարվի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ՀՀ կառավարությանը անհատույց նվիրաբերում է 200 շտապ օգնության ռեանիմոբիլնեը, շտապ օգնության գծային մեքենաներ, դրանց օժանդակ սարքավորումները և պահեստամասերը: Այդ մասին որոշման նախագիծը հաստատվեց կառավարության նիստում:
«Նախագծով նախատեսվում է շտապ օգնության մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները նվիրաբերել Երևանում և մարզերում գործող բժշկական կազմակերպություններին՝ շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու նպատակով: Սրանով ամբողջությամբ բավարարվում է Հայաստանում առկա ամբողջ պահանջարկը, և շտապ օգնության կանչերի մերժման խնդիր չենք ունենալու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա խոսքով՝ մարզերում ևս ունենալու ենք ռեանիմոբիլներ, որոնցով կկարողանան միանգամ հիվանդներին տեղափոխել Երևան: Նշված 200 ավտոմեքենաներից 65-ը ռեանիմոբիլներ են, որոնցից 10-ը պահվում են որպես ռեզերվային:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց չինական կողմին կարևոր և անհրաժեշտ աջակցության համար: «Այս օգնությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայ-չինական հարաբերությունների բարձր մակարդակը: Համոզված եմ, որ այդ հարաբերություններն առաջիկայում էականորեն կզարգանան և նոր մակարդակի կբարձրանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: