Երևանում բացվեց Հայ-չինական բարեկամության դպրոցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում բացվեց հայ-չինական բարեկամության դպրոցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն կառուցվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աջակցությամբ: Բացման հանդիսավոր միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դպրոցի աշակերտների համար չինարենի ուսուցումը մեծ հնարավորություններ կստեղծի:

«Հայտնի ասացվածք կա` քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Չինարենի իմացությունը բացում է հնարավորություն` հասու լինելու մարդկության և քաղաքակրթության պատմության մի հսկայական շերտի և ահռելի տեղեկատվության: Հույս ունեմ, որ այս դպրոցը կդառնա այն խողովակը, որի միջոցով հայ ժողովուրդն առավել խորությամբ կտեղեկանա այն ահռելի ազդեցությանը, որ Չինաստանն ու չինական քաղաքակրթությունն ունեցել են մարդկության զարգացման վրա»,- ընդգծեց վարչապետ Փաշինյանը:

Դպրոցում ուսուցումը կազմակերպվելու է վարժարանի մոդելով, ուսումնական հաստատությունում կգործեն 5-12-րդ դասարաններ: Ուսումնական գործընթացի կազմակերպման համար չինարենի ուսուցիչները հրավիրվելու են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից: Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի խոսքով` դպրոցը հայ-չինական լավ հարաբերությունների ապացույցն է:

«Թեև Չինաստանն ու Հայաստանն իրարից հեռու են գտնվում, բայց երկու երկրներն էլ ունեն հնագույն պատմություն և հարուստ մշակույթ: Հայաստանում չինարեն սովորողների թիվը գերազանցում է 1000-ը: Հայերենում կա չնաշխարհիկ բառը, որը բառացիորեն թարգմանվում է որպես Չինաստան աշխարհի, և նշանակում է`հիասքանչ: Հավատում եմ, որ Հայ-չինական բարեկամության դպրոցը իսկապես չնաշխարհիկ կդառնա»,- նշեց դեսպանը:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով` առաջիկայում հայտնի կդառնան այն երեխաների անունները, ովքեր հնարավորություն կունենան սովորել դպրոցում:

«Դիմորդների թիվը շատ մեծ է, սակայն հնարավորությունները սահմանափակ են: Ծրագիրը մեր հանրակրթական դպրոցի ծրագիրն է, ուստի, կոչ եմ անում ծնողներին, եթե իրենց երեխաները չեն ընդունվել այդ դպրոց, նրանց ուղարկել չինարենի ուսուցմամբ այլ դպրոցներ: Եթե չեմ սխալվում, այսօր ևս 6 այդպիսի դպրոց կա»,- ասաց նախարարը:

Դպրոցը նախատեսված է 405 աշակերտի համար: Այն ապահովված է լաբորատորիաներով, լեզվի ուսուցման կաբինետներով, գրադարանով, համակարգչային լսարաններով, պարասրահով, մշակութային կենտրոնով: Հայ-չինական բարեկամության դպրոցում կգործի նաև Չինաստանի թանգարան:

Հայերեն English Русский

Հայաստանում ապաստարանների համար միասնական չափորոշիչներ կսահմանվեն

Արտաքին հետախուզական ծառայությունը կներգրավվի ռազմական նշանակության արտադրանքի լիցենզավորման գործընթացներում

Հայ-բրիտանական համագործակցության նոր էջ. կանցկացվի «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը

Ճապոնիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել

Հեպատիտների միջազգային օր. վիրուսային հեպատիտների էլիմինացիա

ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթ

Պուտինը և Ալիևը քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր

Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում

Պենտագոնը սկսել է վերանայել Եվրոպայում գտնվող ամերիկյան զորակազմի հարցը

ՀՀ ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք