Քաղաքականություն

Վարչապետ Փաշինյանը կայցելի Իրան

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը կայցելի Իրան

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջջադիին:

«Ջերմ ու բարեկամական մթնոլորտում անցնող հանդիպման ընթացքում նշեցի, որ Հայաստանն ու Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիների ընթացքում ապացուցել են երկուստեք ցանկությունը բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունները պահպանելու ու զարգացնելու, և այդ հարաբերությունները երբևէ չեն տուժել նաև Հայաստանի կամ Իրանի համար դժվար իրավիճակներում:

Բարձր գնահատելով երկու երկրների ու ժողովուրդների փոխօգնության ու փոխգործակցության հարուստ պատմությունը՝ հույս հայտնեցի, որ մեր երկրների քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները կնպաստեն նրան, որ ունենանք նաև նույնպիսի բարձր մակարդակի տնտեսական հարաբերություններ, ինչն էլ իր հերթին կնպաստի մեր անվտանգության կայունությանը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը:

Դեսպան Սաջջադին նույնպես խոսել է երկու երկրների բացառիկ բարձր մակարդակի հարաբերությունների մասին, ընդգծել, որ Հայաստանը, լինելով Իրանի միակ քրիստոնյա հարևանը, ամենաջերմ ու բարիդրացիական անխախտ հարաբերություններ ունեցող գործընկերն է:

Դեսպանը, ողջունելով Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխության արդյունքում ձևավորված կառավարության ջանքերը երկու երկրների հարաբերություններն էլ ավելի խորացնելու ուղղությամբ և կարևորելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսվող այցը ԻԻՀ, պատրաստակամություն է հայտնել աջակցելու, որ երկու երկրների համագործակցությունն ընդգրկի էներգետիկ, առողջապահական, բնապահպանական, ֆինանսական ու բազում այլ ոլորտներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում