Սփյուռք

«Քայլ դեպի տուն» ծրագիրը Հայաստանում կհյուրընկալի հարյուրավոր սփյուռքահայ պատանիների

3 րոպեի ընթերցում

«Քայլ դեպի տուն» ծրագիրը Հայաստանում կհյուրընկալի հարյուրավոր սփյուռքահայ պատանիների

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագրին կմասնակցի Սփյուռքում բնակվող ավելի քան 400 հայ պատանի: Նախարարությունը մասնակցության դիմումներ է ստացել Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Իրանից, Բելառուսից, Քուվեյթից, Ֆրանսիայից, Իսրայելից և այլ երկրներից: Ծրագիրը կանցկացվի օգոստոսի 10-24-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը:

«Քայլ դեպի տուն»-ը «Արի տուն» և «Ամառային դպրոց» ծրագրերի միաձուլումն է: Ինչպես մյուս երկուսի, այնպես էլ «Քայլ դեպի տուն» ծրագրի շրջանակում արտերկրում ապրող հայ երեխաները գալու են հայրենիք, սովորելու են հայոց լեզու, հայոց պատմություն»,-նշեց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ ամենակարևոր հարցերից մեկը ծրագրի իրականացման համար անցկացվող մրցույթների թափանցիկությունն ապահովելն է: «Քայլ դեպի տուն» ծրագրի կազմակերպչական հարցերը լուծելու համար անցկացվող մրցույթին մասնակցել է չորս կազմակերպություն, հաղթել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Այն զբաղվելու է էքսկուրսիաների, սննդի կազմակերպման և մի շարք այլ հարցերով»,-շեշտեց փոխնախարարը:

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի՝ մասնակիցներից որևէ մեկին հյուրընկալելուն` փոխնախարարն ասաց, որ դեռ հայտնի չէ, թե ով կապրի վարչապետի ընտանիքում, և, հավանաբար, դա վիճակահանությամբ կորոշվի:

Դավիթ Սարգսյանը տեղեկացրեց, որ ընտանիքները էլեկտրոնային ճանապարհով են լրացնում հյուրընկալ ընտանիք լինելու հայտը: «Հնարավոր է, որ այլ պաշտոնյաներ նույնպես հայտ լրացրած լինեն, սակայն այդ մասին մենք դեռ տեղյակ չենք»,-ասաց նա:

Հայկ Ենգիբարյանի խոսքով` ծրագիրը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Այն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):

Նա ասաց, որ մասնակիցները կայցելեն Հայաստանի կրթական հաստատություններ, պատմամշակութային վայրեր, ժամանցի կենտրոններ: Ծրագրի վերջին երեք օրը երեխաները կանցկացնեն ճամբարում»,-նշեց Ենգիբարյանը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է, նախարարությունը սկսել է բանակցություններ վարել մի շարք կազմակերպությունների հետ: Արդյունքում«Կոնվերս բանկը» և«gg» տաքսի ծառայությունը պատրաստակամություն են հայտնել համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով ծրագրին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում