Հասարակական

Նախարար Տոնոյանը վստահեցնում է՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումը մշտական է ու ծրագրված

2 րոպեի ընթերցում

Նախարար Տոնոյանը վստահեցնում է՝ Հայաստանում ռազմարդյունաբերության զարգացումը մշտական է ու ծրագրված

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը խստորեն հետևում է ռազմաարդյունաբերական համալիրի զարգացման իր պետական ծրագրի վեկտորներին, ինչպես նաև ռազմատեխնիկական և ռազմաարդյունաբերական զարգացման ռազմավարությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ EADaily-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Հայաստանում ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը կրում է մշտական ու ծրագրված բնույթ՝ անկախ երկրում այս կամ այն քաղաքական ուժի՝ իշխանություն լինելուց և պաշտպանության նախարարի անձից»,- ասել է նա:

Դավիթ Տոնոյանի խոսքով՝ շեշտը դնում են այնպիսի զինատեսակների ստեղծման վրա, որոնք թույլ են տալիս բավարարել հայկական բանակի յուրահատուկ պահանջմունքները: «Ինչպես նաև դրանք լուծումներ են, որոնք ունեն մեծ ներուժ իրենց նշաձողը սահմանելու զենքերի միջազգային շուկայում: Այդ նեղ մասնագիտացված լուծումների մեջ կարելի է առանձնացնել օպտոէլեկտրոնային ու ռադիոէլեկտրոնային հայտնաբերման սարքերը, թիրախավորման, ցամաքային ու օդային հեռահար կառավարման միջոցները, ոչնչացման ավտոմատացված համակարգերը»,- հավելել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Դավիթ Տոնոյանը նշել է, որ ռազմաարդյունաբերական ոլորտում առկա գիտատեխնիկական ներուժի լիակատար իրացման համար իրենք իրականացնում են կազմակերպչական և հարկային գործընթացների բարելավում, ինչպես նաև զբաղվում են ներդրումների ներգրավման ու համատեղ ձեռնարկությունների ստեղծման հարցերով:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում