Հասարակական

Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

3 րոպեի ընթերցում

Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում ասված է.

«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ 2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ենթարկել են ծեծի:

Ըստ հաղորդման՝ նշված նկուղում ներկա է գտնվել Ն. Սարգսյանը, ով ատրճանակով սպառնալիքներ է տվել իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը և այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն:

Այնուհետև վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3 ժամ ապօրինի պահել այնտեղ, ապա Ն. Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծի է ենթարկել քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով բարձրախոսով «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է այդ ակումբում գործունեություն ծավալելուց: Ն. Սարգսյանի պահանջը կատարելուց հետո քաղաքացուն ազատ են արձակել:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված փաստական տվյալներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում