Քաղաքականություն

«Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները

2 րոպեի ընթերցում

«Ժառանգություն»-ն առաջարկում է բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ բացառել կրկնաքվեարկությունները

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունն առաջարկում է առաջիկա ընտրություններն անցկացնել բլոկչեին տեխնոլոգիաների կիրառմամբ՝ բացառելու կրկնաքվեարկությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը նման առաջարկով հանդես եկավ Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

«Շատ կարևոր է ապահովել մեկ ընտրող-մեկ քվե մեխանիզմը՝ կրկնաքվեարկությունները բացառելու համար: Մենք առաջարկում ենք տեխնիկական միջոցների կիրառմամբ և բլոկչեին համակարգով ընտրություն անցկացնել»,-ասաց Մարտիրոսյանն ու հավելեց՝ այդ փորձն արդեն կիրառվում է աշխարհում:

Նրա կարծիքով՝ նման տեխնոլոգիաների կիրառումն ավելի արդյունավետ կլինի, քան մատնահետքի մեթոդը: Հակառակ դեպքում, Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց գոնե Ընտրական օրենսգրքում ավելացնել, որ քվեարկությունից հետո ողջ Հայաստանում տեղի ունենա մատնահետքերի համեմատում՝ կրկնաքվեարկությունների դեպքերը պարզելու համար:

Անդրադառնալով կուսակցությունների և խմբակցությունների համար խորհրդարան անցողիկ շեմը մեկ տոկոսով նվազեցնելուն ՝«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը նշեց՝ կարծում է, որ կուսակցությունների համար 3, իսկ խմբակցությունների համար 5 տոկոս անցողիկ շեմերն ավելի մեծ ներկայացուցչություն կապահովեն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում