Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Վահան Շիրխանյանն ազատ է արձակվել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորք-Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը դատական նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը որոշում է կայացրել բավարարել Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը, հաշվի առնելով Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Հովիկ Աղազարյանի անձնական երաշխավորությունները:

Մեղադրող կողմը առարկություններ չուներ պաշտպանի միջնորդությանը:

Վահան Շիրխանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015 թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի` Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել Վարդանյանի կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը:

Ըստ մեղադրանքի` Շիրխանյանը կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

Հայերեն English Русский

Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը

Աջակցությունն առավել թիրախային․ հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից

2028 թվականի հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Մոսկվան ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել

Նոր Նորքում շահագործման կհանձնվի հիմնանորոգված և ընդլայնված թիվ 105 մանկապարտեզը

ԿԲ խորհորդը վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոս

Լանջաղբյուրում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 9 ծրագիր

Լոռիում շարունակվում են 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները