ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված գործողությունների մասին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը մանրամասներ է հաղորդել Ազգային ժողովի նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի առանձնատանը կատարված խուզարկության արդյունքներով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, Հայաստանի Հանրապետության Ազգային Անվտանգության Ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանն իրեն պատկանող տարածքներում ապօրինի կերպով պահում է զենք և ռազմամթերք: Հանցավորության դեմ տարվող պայքարում իրավապահ մարմինների ակտիվությամբ պայմանավորված՝ Առաքել Մովսիսյանը նշված զենք ու ռազմամթերքը թաքցնելու նպատակով, իր վստահելի անձանց միջոցով, տեղափոխել և պահել է այլ վայրում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն ու ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը, փոխադրելը և պահելը: Վերոհիշյալ քրեական գործի շրջանակներում 2018 թվականի հունիսի 21-ին խուզարկություններ են իրականացվել Առաքել Մովսիսյանի տանը, ինչպես նաև զենք-ռազմամթերք տեղափոխելու և պահելու հնարավոր վայրերում: Խուզարկությամբ հայտնաբերվել է ենթադրաբար օրինական զենք և ռազմամթերք՝ գրանցման փաստաթղթերով:

Առաքել Մովսիսյանը հունիսի 21-ին բերվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն, որտեղ նրան են ներկայացվել զենքի ապօրինի շրջանառության իր ներգրավվածության վերաբերյալ անառարկելի տվյալներ: Ինչպես նաև պարզաբանվել են դրանք ինքնակամ հանձնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվությունից ազատվելու հիմքերը, ինչից հետո՝ բացատրական աշխատանքների արդյունքում, վերջինս պատրաստակամություն է հայտնել՝ հանձնելու դեռևս Արցախյան ազատամարտի տարիներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահած զենքն ու ռազմամթերքը:

Նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, Առաքել Մովսիսյանն Այգեկ գյուղի ամայի տարածքում գտնվող երկու տարբեր թաքստոցներից՝ հողածածկույթի տակից հանել ու կամովի հանձնել է զենքն ու ռազմամթերքը, մասնավորապես՝ «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, որից մեկը՝ փողատակային նռնականետով, «ՌՊԿ» տեսակի մեկ գնդացիր, «Բելկա» տեսակի 1 համակցված հրացան, 3 որսորդական հրացան, տարբեր տրամաչափի թվով 162 փամփուշտներ:

Զենքն ու ռազմամթերքը կամովին հանձնելու հիմքով Առաքել Մովսիսյանը ազատ է արձակվել: Կատարվում է նախաքննություն, նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում՝ հայտնաբերված զենքի օգտագործումն այլ հանցագործություններում ստուգելու ուղղությամբ:

ՀՀ ԱԱԾ-ն, ևս մեկ անգամ հիշեցնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կարգով՝ զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում:

Ազգային անվտանգության ծառայությունը վերահաստատում է, որ ապօրինի զենք-զինամթերքի դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ և ըստ այդմ քաղաքացիներին կոչ ենք անում ապօրինի պահվող զինամթերքը հանձնել իրավապահ մարմիններին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում