ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան ուղղությամբ սահմանային դիտարկում իրականացնելու ժամանակ հունիսի 19-ի ժամը 11.20-ի սահմաններում, հակառակորդի կողմից խոցվել է ՊԲ անօդաչու թռչող սարք: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:
«Չնայած հանգամանքին, որ ադրբեջանական կողմը փորձում է նման քայլերով խոչընդոտել հայկական անօդաչու թռչող սարքերի պաշտպանական կարևոր նշանակության թռիչքները, այդուհանդերձ Արցախի զինված ուժերի հրամանատարությունը վճռական է այսուհետ ևս շարունակելու օդային դիտարկման բնականոն գործընթացը և, միաժամանակ, ինչպես առ այսօր, այնպես էլ այսուհետ պատասխան պատժիչ գործողություններով զսպել հակառակորդի ակտիվությունը օդում և ցամաքում»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ: