Հասարակական

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ

3 րոպեի ընթերցում

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրգործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու փաստի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը, պայմանավորված քրեական գործով կասկածյալի հատուկ սուբյեկտ լինելու հանգամանքով, 17.06.2018թ.-ին ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչի վարույթ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Քրեական գործով Մ. Գրիգորյանին պատկանող անշարժ գույքի հասցեներում կատարված խուզարկություններով և հետագա քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերված` առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման մասին վկայող բավարար տվյալների հիման վրա նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:

Բացի այդ, 17.06.2018թ.-ին վարույթ է ընդունվել Մ. Գրիգորյանի և նրա ընտանիքի անդամների կողմից տնօրինվող տարածքներում ապօրինի զենք-զինամթերք պահելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված ևս երկու գործ, որոնք նույնպես միացվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով քննվող քրեական գործին:

Հաշվի առնելով քրեական գործով մեծածավալ քննչական գործողությունների կատարման անհրաժեշտությունը` ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ ՀՀ ՀՔԾ և ՀՀ ԱԱԾ քննիչներից կազմվել է քննչական խումբ:

ՀՀ ԱԱԾ-ի և ՀՀ ոստիկանության հետ իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումներ` վերը նշված դեպքերի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ, որոնց արդյունքների մասին կապահովվի անհրաժեշտ իրազեկում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում