Մշակույթ

Սեփական ինքնության փնտրտուքներում. ֆրանսահայ Ռեբեկան Հայաստանում իր ընտանիքի պատմությանն առնչվող ցուցահանդես կներկայացնի

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում ապրող լուսանկարիչ Ռեբեկա Թոփակյանին Հայաստան են բերել սեփական ինքնության փնտրտուքները: Հունիսի 20-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) երևանյան գրասենյակում Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի շրջանակում բացվելու է լուսանկարչի «Գյուլիզարը և սիրային այլ պատմություններ» ցուցահանդեսը: 29-ամյա Ռեբեկան փաստում է՝ նոր ցուցահանդեսն իր ընտանիքի պատմությունն է, որով նա ինչ-որ առումով փորձել է բացահայտել նաև սեփական հայկական արմատները:

«Իմ պապիկը Ստամբուլի հայ էր, նախորդ դարում տեղափոխվել է Ֆրանսիա: Նա երբեք չի պատմել մեզ իր անցյալի մասին, ես հայերեն չգիտեմ, հայկական մշակույթի դաշտում չեմ մեծացել: Ես առաջին անգամ այստեղ եմ եկել մեկ տարի առաջ ու իմ ընտանիքին վերաբերող նախագիծ եմ սկսել: Նախագծի հիմքում իմ պապիկն է ու նրա ընտանիքը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Ռեբեկա Թոփակյանը:

Լուսանկարիչը փաստում է՝ Հայաստանում բացվելիք ցուցահանդեսն անցյալի ու ներկայի յուրատեսակ համադրությունն է: Իր ընտանիքի լուսանկարները նա զուգորդել է Հայաստանում արված նկարների հետ:

«Մենք ոչինչ չգիտենք մեր հայկական արմատների, մեր նախնիների մասին: Միայն մի հեքիաթային պատմություն է մեզ հասել: Իմ պապիկի պապիկ (ապուպապ) Կարապետը Ստամբուլում «բաստուրմայի թագավոր» է եղել: Նա բաստուրմա էր վաճառում, և ասում էին, թե լավագույն վաճառողն էր: Նա սիրում էր Գյուլիզար անունով արքայադստերը: Գյուլիզարի ծնողները չէին ցանկանում, որ նա ամուսնանար Կարապետի հետ, բայց երիտասարդը ձիով առևանգում է նրան: Սա իմ նախագծի սկզբնակետն էր, որովհետև ընտանիքի մասին միակ պատմությունն է, որ ես գիտեի»,-նշում է Թոփակյանը՝ հավելելով, որ «Գյուլիզարը և սիրային այլ պատմություններ» վերնագիրը ցուցահանդեսի համար պատահաբար չի ընտրել, նախագիծը սեփական արմատների մասին է:

«Ես նաև ինձ ծանոթ և անծանոթ երիտասարդ հայ տղամարդկանց նկարներ եմ օգտագործում՝ զուգահեռներ անցկացնելով անցյալի և իմ ընտանիքի նկարների միջև: Այստեղ լուսանկարել եմ իմ ընկերներին, ինչպես նաև անծանոթ մարդկանց: Ցուցահանդեսում 48 լուսանկար է ներկայացվելու: Ցուցահանդեսի համար օբսիդիանի քարերի վրա տպագրել եմ նաև մեր ընտանեկան լուսանկարները: Այդ քարերը ևս ներկայացնելու եմ միջոցառմանը»,-հավելեց Ռեբեկա Թոփակյանը:

Սորբոնում փիլիսոփայության և աշխարհագրության բակալավրի աստիճաններ ստանալուց հետո Ռեբեկա Թոփակյանը շարունակել է իր կրթական ուսումնասիրությունները Առլի (Ֆրանսիա) Լուսանկարչության ազգային դպրոցում (ENSP)`ավարտելով այն 2015 թվականին: Թոփակյանի աշխատանքները ցուցադրվել են մի շարք պատկերասրահներում, փառատոնների և արվեստի բիենալեների շրջանակում` Ֆրանսիայում և երկրի սահմաններից դուրս: Վերջերս լույս է տեսել նրա «Ինֆրա» խորագրով գիրքը, որը ներառում է մի շարք մարդկանց լուսանկարներ: Ռեբեկան փաստում է՝ նկարներն արել է տարբեր վայրերում (հերոսներն էլ տեղյակ չեն եղել, որ իրենց նկարում են) և դրանով փորձել է մարդկանց ցույց տալ առանց դիմակների: «Ինֆրա»-ի նկարները ներկայացվել են մի շարք ցուցահանդեսներում:

Ի դեպ, լուսանկարչուհին հայերեն սովորելու մեծ ցանկություն ունի, երկրորդ հայրենիքը՝ Հայաստանը շատ է հավանել: «Հայաստանում ավելի լավ է, քան Ֆրանսիայում: Այստեղ առաջին իսկ պահից զգացել եմ, որ տանն եմ: Հայերը շատ լավն են, լավ վերաբերմունք են ցուցաբերում: Այստեղ ընդամենը մի քանի ամսում մարդկանց հետ եմ ծանոթացել, ովքեր դարձել են իմ լավագույն ընկերները: Մտածում եմ նաև Հայաստան տեղափոխվելու մասին, թեկուզ տարվա մի մասն այստեղ եմ ցանկանում ապրել»,-մեզ հետ զրույցն եզրափակեց Ռեբեկան:

Հավելենք, որ Ռեբեկա Թոփակյանի «Գյուլիզարը և սիրային այլ պատմություններ» ցուցահանդեսի կազմակերպիչներն են ՀԲԸՄ-Հայաստանը, Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիան (ԱՄՀԼ): Նախագիծն իրականացվել է «Արվեստ-Հայաստան» հիմնադրամի «Արվեստի նախագծերի ֆինանսական օգնություն» ծրագրի և «Արտ կոմունա» Արվեստագետների միջազգային կացարանի (ԱՄՀԼ) շրջանակում:

Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները՝ Ռեբեկա Թոփակյանի և Էդուարդ Սեպետչյանի

Հայերեն Русский

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է բրազիլական ԶԼՄ-երի ներկայացուցիչներին

Աֆղանստանը Ռուսաստանում դեսպան կնշանակի՝ «Թալիբան»-ի արգելքի վերացումից հետո

Երևանում գիշերօթիկ դպրոցի հողամասն առանձին երկու գույքային միավորների բաժանելու մասին որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ

Զեղծարարության ի՞նչ տարբերակներ կան համացանցում այսօր

Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ ադրբեջանական լրատվամիջոցները խեղաթյուրել են իր խոսքերը Իվանյանի դեպքերի վերաբերյալ. 168.am

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում մարդիկ սկսել են ավելի շատ խոսել Հայոց ցեղասպանության մասին. թուրք մտավորական

Ֆաբ Լաբ` Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 23/04/25

Ասիական ինդեքսներ - 23/04/25

Իրանը դատապարտել է ԱՄՆ նոր պատժամիջոցները՝ բանակցությունների նոր փուլից առաջ