Համադրելով հինն ու նորը. «Կամար»՝ հնարավորությունների և առավելությունների բիզնես-կենտրոն

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի Շահումյան հրապարակի հարևանությամբ գտնվող «Կամար» բիզնես-կենտրոնը կառուցվել է 2014 թվականին: Ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կամար» բիզնես-կենտրոնի տնօրեն Արտաշես Կազախեցյանը լրագրողների հետ շրջայց է կազմակերպել և այդ ընթացքում ներկայացրել ամբողջ շենքը՝ պատմությունը, թե ինչպես է կառուցվել, ինչ ընկերություններ են գործում ներսում և այլն:

«Կամար» բիզնես-կենտրոնի պատմությունը

«Կամար» բիզնես-կենտրոնն իր մեջ միավորում է 3 տարբեր ժամանակաշրջանների շենքեր՝ ցարական, խորհրդային և ժամանակակից: «Սև շենքը», որը կառուցվել է Ամասիայի սև տուֆից, ինչով էլ պայմանավորված է շենքի անունը, կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով՝ 1910 թվականին: Այն տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքն է եղել, ուր մինչ այսօր էլ իրականացվում է բանկային գործունեություն: Այնտեղ կառուցվել է նաև Գյուղատնտեսական բանկի շենքը՝ 1926 թվականին: Ճարտարապետը եղել է Նիկոլայ Բունիաթյանը, իսկ կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին:

Բիզնես-կենտրոնն ու դրանում տեղակայված ընկերությունները

Շենքը բաղկացած է 9 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկերից և արդեն իսկ գրեթե ամբողջությամբ զբաղեցնում են տարբեր ընկերություններ, ազատ է մնացել միայն 12-15 տոկոսը: Ստորգետնյա հարկերում ավտոկայանատեղին է 100 մեքենայի համար: Ընդհանուր նախագծի վրա ծախսվել է մոտ 25 մլն դոլար: Ներդրումները եղել են միայն մասնավորի կողմից: Այստեղ են գտնվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի, «Ֆիլիպ Մորիս» ընկերության գլխավոր գրասենյակները, Ասիական զարգացման բանկը, «Ռոսգոսստրախ» ընկերությունը, Ամերիաբանկը, Նոտարական գրասենյակ, ինչպես նաև ասիական խոհանոցով ռեստորան: Շուտով մեր բիզնես-կենտրոն կտեղափոխվի նաև Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը:

BREEAM հավաստագիր

«Կամար» բիզնես-կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես-կենտրոնն է Հայաստանում և արժանացել է BREEAM հավաստագրի: BREEAM-ը 1990 թվականին բրիտանական BRE Global ընկերության կողմից ստեղծված մեթոդաբանություն է: BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Method, թարգմանվում է՝ շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ): «Կամար» բիզնես-կենտրոնը Հայաստանում BREEAM հավաստագրին արժանացած առաջին նախագիծն է: Այն իր էկոարդյունավետությամբ գերազանցում է Հայաստանի գրեթե բոլոր շենք-շինություններին: BREEAM հավաստագրի ստացումը ենթադրում է մի շարք բարձրակարգ չափանիշների պարտադիր ապահովում կառույցի երեք հիմնական փուլերում՝ նախագծման, շինարարական և ետշինարարական:

«Կամար»-ի դիզայնը

Շենքը հագեցած է սպասարկման բարձր որակ ապահովող գերժամանակակից տեխնոլոգիական լուծումներով ու սարքավորումներով: Ինտերիերում պահպանել ենք պատմական «Սև շենքի» տուֆերը՝ խնամքով համադրելով ժամանակակից լուծումներ, բուսական անկյունի և բարձր տեխնոլոգիաների հետ: Շենքում գործում է նաև Երևանի ֆինանսական պատմությունը ներկայացնող թանգարան, որտեղ ցուցադրվում են բացառիկ լուսանկարներ և տեղեկություններ: Կենտրոնում 4 հարկի միջավայրը խորհրդանշում է քաղաքների զարգացումը՝ շրջայց կատարելով անցյալի ու ապագայի, տարբեր ժամանակային ուրբանիստական ոճերի քաղաքային ենթակառուցվածքների և դրանց կարևորագույն հատվածների միջով: Բոլոր հարկերում հանգստյան գոտիներն ու աշխատասենյակները նույնպես ձևավորված են այդ 4 կոնցեպտների ներքո:

«Կանաչ շենք»

«Կանաչ շենքի» կառուցման ընթացքում օգտագործվել են շրջակա միջավայրի համար բացառապես անվտանգ նյութեր: Օգտագործվող շինանյութի որակն ու դիմացկունությունը ապահովում են կառույցի երկարակեցությունը, իսկ էներգախնայող համակարգերը թույլ են տալիս նվազեցնել կոմունալ ծախսերը մինչև 35 տոկոսով: Բիզնես-կենտրոնի առաջին հարկում գտնվում է Եվրոպայում ամենաբարձր «կանաչ պատը»՝ 20 մ բարձրությամբ, իսկ ընդհանուր մակերեսը կազմում է 160 քմ: Մենք դիտավորյալ ոչինչ չենք արել, պարզապես այդպես է ստացվել: Նախագիծն իրականացրել է Green Lad ընկերությունը՝ Novintiss ֆրանսիական ընկերության տեխնոլոգիայով: Ուղղահայաց կանաչապատման ամենակարևոր առավելությունը յուրահատուկ թարմությունն ու բնական տեսքն է, որն ունի շինությունը: Բացի այդ, կանաչ պատը կատարում է օդի զտում, ջերմամեկուսացում և նվազեցնում է աղմուկը: Այն ծառայում է նաև որպես արևի ճառագայթներից պաշտպանող ծածկ՝ մեղմացնելով շոգը 8-10 աստիճանով: 1 քմ-ի վրա տեղադրվում է 32 բույս: Կարևոր է, որ բույսերի տարբեր տեսակները միմյանց համապատասխանեն ջրի նկատմամբ ունեցած պահանջով: 20 մետր բարձրության վրա առանց ուղղակիորեն մուտքի և ելքի հնարավորության բույսերի խնամքը կազմակերպելու նպատակով ձեռք է բերվել հատուկ սարք Իտալիայից: Բացի այդ՝ կիրառվել են լրացուցիչ բաղադրիչները բույսերի համար՝ համապատասխան միջավայր ապահովելու նպատակով: Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար յուրաքանչյուր պատի տակ կառուցվել են փոքրիկ ջրվեժներ, որտեղից ջուրը գոլորշիանում է՝ ստեղծելով լրացուցիչ խոնավություն: Կանաչ պատի տեղակայման դիրքը թույլ չի տալիս, որ արևի ճառագայթներն ուղղակիորեն հասնեն բույսերին: Լրացուցիչ լուսավորություն ստեղծելու համար օգտագործվում են ֆիտոլամպեր, որոնք ապահովում են բույսերի աճն ու առողջ միջավայր:

Երևանի ֆինանսական պատմությունը ներկայացնող թանգարանը

Պատմական ժառանգությունը սերունդներին ներկայացնելու համար «Կամար»-ի ներսում ստեղծվել է թանգարան, որտեղ կան տարբեր բացառիկ լուսանկարներ Երևանի և Թբիլիսիի արխիվներից: Հավաքագրված է հսկայական ինֆորմացիա «Սև շենքի», Գյուղատնտեսական բանկի, դրանց միջև տարբեր ժամանակներում տեղակայված տարատեսակ կառույցների և հարակից կառույցների ու նախկինում ֆինանսական կենտրոն հանդիսացած հրապարակի վերաբերյալ: Թանգարանը բաղկացած է երեք մասից՝ առաջին հատվածում Հին Երևանն է, երկրորդում՝ Թիֆլիսի առևտրային բանկի ստեղծման վերաբերյալ փաստաթղթեր ու լուսանկարներ են, ինչպես նաև Գյուղատնտեսական բանկի ստեղծման պատմությունը ցույց տվող լուսանկարներ: Երրորդ բաժնում ներկայացված է նոր ժամանակաշրջանը: Թանգարանի նմուշներում են բացառիկ փաստաթղթեր և անգամ Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի կնիքի նմուշը: Արխիվային նյութերի ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել է, որ «Սև շենքի» իրական ճարտարապետը թիֆլիսահայ Միքայել Օհանջանյանն է, սակայն մինչև վերջերս շենքի ճարտարապետն է համարվել Բորիս Մեհրաբյանը (Մեհրաբով):

«Կամար» բիզնես-կենտրոնի մասին գիրք

Տպագրվել է ողջ պատմությունը ներկայացնող գիրք, ուր տեղ են գտել տարբեր մասնագետների՝ ճարտարապետների, պատմաբանների գնահատականները «Կամար» բիզնես-կենտրոնի վերաբերյալ, հետաքրքիր փաստեր, երևանցիների հիշողություններ:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում