Քայլարշավ, ձիարշավ, թռչունների և թիթեռների դիտարկում. «Էկոտուրիզմի փառատոնը» տարբեր միջոցառումներ է առաջարկում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երրորդ տարին անընդմեջ իրականացվող էկոտուրիզմի փառատոնն ամեն տարի բազմազան միջոցառումներ և հետաքրքրություններ է ստեղծում ակտիվ հանգստի սիրահար զբոսաշրջիկների համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, «Էկոտուրիզմի փառատոնի» համակազմակերպիչ Սարգիս Աղայանն ասաց, որ այն տեղի է ունենալու հունիսի 23-24-ը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում: Փառատոնի կազմակերպիչներից է նաև «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ն:

Փառատոնի միջոցով երիտասարդները նպատակ ունեն նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

«Այս տարի մենք ցանկանում ենք Արտավանն ավելի ճանաչելի դարձնել մարդկանց, հատկապես, որպես էկոտուրիզմով զբաղվելու ուղղություն: Փառատոնի շրջանակում տաղավարներ են լինելու, որտեղ ներկայացվելու են փառատոնի հետ կապ ունեցող տարբեր կազմակերպությունների ծառայություններն ու ապրանքները: Տաղավարների մի մասում ներկայացված է լինելու տարբեր համայնքներից գյուղական սնունդ, որ հենց իրենց պատրաստածն է: Մասնակիցների սնունդը մատակարարվելու է համայնքների կողմից և դրանով իսկ փորձում ենք այլընտրանքային եկամտի աղբյուր ստեղծել համայնքի բնակիչների համար»,- նշեց Սարգիս Աղայանը:

Փառատոնն իր մեջ ներառելու է քայլարշավ, ձիարշավ, թռչունների և թիթեռների դիտարկում, երեկոյան ժամին լինելու են տարբեր դասախոսություններ բազմազան ոլորտների հայտնի մադկանց տարբեր դասախոսություններ:

«Երեկոյան խարույկի շուրջ տարբեր հայտնի մարդիկ դասախոսություններ կվարեն կոնկրետ թեմաներով` բնապահպանություն, էկոտուրիզմ, առաջին բուժօգնություն և այլն: Կեսգիշերից հետո նախատեսում ենք նաև աստղադիտարկում: Գիշերակացը կլինի երկու տարբերակով` վրաններում կամ գյուղի հյուրատներից մեկում»,- շեշտեց Աղայանը և հավելեց, որ Արտավանի համայնքապետարանն աջակցում է տարբեր կազմակերպչական հարցերով:

Էկոտուրիզմը բնության, նրա առանձին բաղադրիչների (օրինակ՝ լանդշաֆտներ, բնության հուշարձաններ, բույսերի կամ կենդանիների որոշակի տեսակներ) և պատմամշակութային հուշարձանների ճանաչողության նպատակով կազմակերպվող զբոսաշրջությունն է:Առաջին անգամ էկոտուրիզմի փառատոնը տեղի է ունեցել 2016 թվականին` Վայոց ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում: 2017 թվականին այն կայացել է Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի Արտավան գյուղում:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Русский

Թուրքիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու հանցագործների արտահանձնման գործում Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը

Հրանտ Դինքի հիշատակը հարգել են այնտեղ, որտեղ նա սպանվել է 18 տարի առաջ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձ Հայաստանից արտահանձնվել է Թուրքիա. ՀՀ ԱԳՆ

Վրացական իշխող կուսակցության պատգամավորը հայտարարել է, որ ընդդիմությունը ցանկանում է չեղարկել Guns N'Roses-ի համերգը

Մայր Տաճարում աղոթք է կատարվել Բաքվում պահվող հայ գերիների համար

Դոնալդ Թրամփը ողջունել է  ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակման մեկնարկը

ԱՄՆ-ում TikTok-ն անհասանելի է դարձել օգտատերերին

Վրաստանում մի խումբ ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների պահանջին չենթարկվելու համար

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի