Հասարակական

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները դադարեցնում են ակցիան կառավարության շենքի մոտ

4 րոպեի ընթերցում

Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները դադարեցնում են ակցիան կառավարության շենքի մոտ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները հունիսի 6-ին կհանդիպեն տրանսպորտի նախարարության պատասխանատուների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի մոտ, հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի և փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի հետ: «Նրանք մեզ խոստացան խնդիրները քննարկել տրանսպորտի նախարարության ներկայացուցիչների հետ, ապա հունիսի 6-ին աշխատանքային հանդիպում կազմակերպել նախարարության աշխատակիցների և մեզ հետ, և ճանապարհային քարտեզ պետք է որոշենք բոլորով միասին»,-տեղեկացրեց ցուցարարներից մեկը:

Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, անդրադառնալով նախկին լիցենզավորման համակարգին վերադառնալու վարորդների պահանջին, նշեց, որ հարցը դեռ քննարկման փուլում է: «Լիցենզավորումը եթե ներդնենք, լինելու են հստակ պահանջներ և պայմաններ: Լիցենզավորման նոր կարգն ավելի խիստ պահանջներ կառաջադրի, և չի լինելու նախկին բարձիթողի վիճակը»,-ասաց նա;

Վաղ առավոտից կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող ուղևորափոխադրողները դժգոհում են, որ հունիսի 1-ից հայ վարորդների համար դեպի ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու համար նոր կարգ է գործելու: Վարորդները պահանջում են նաև վերադառնալ լիցենզավորման համակարգին, ինչպես նախկինում էր, քանի որ մրցութային գործող համակարգը նրանց չի գոհացնում:Ցուցարարները բողոքում են, որ լիցենզիա տալու համար պահանջում են, որ ընկերությունները պետք է ունենան նվազագույնը չորս նոր մեքենա, մինչդեռ ընկերություններ կան, որոնք երկու մեքենա ունեն:

Մայիսի 29-ին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հանդիպել էր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին, լսել նրանց պահանջները և տեղեկացրել, որ նրանց կողմից առաջադրված խնդիրներն արդեն օրակարգում են:

2018 թվականի ապրիլի 27-ին ուժի մեջ է մտել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագիրը:

Ըստ Համաձայնագրի՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կամ տարանցիկ ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով յուրաքանչյուր ավտոտրանսպորտային միջոցի համար տրամադրվում է մեկանգամյա թույլտվություն:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու մեկանգամյա թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ներկայացնելով համապատասխանդիմումև պետական տուրքի վճարման անդորրագիր (գանձապետական հաշիվ՝ 900005001277):

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում