Հասարակական

Ծառայողական մեքենաները 2016-ից հետո կրճատվել են շուրջ 50-ով

2 րոպեի ընթերցում

Ծառայողական մեքենաները 2016-ից հետո կրճատվել են շուրջ 50-ով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երեք տարում ծառայողական մեքենաների թիվը կրճատվել է 49-ով: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ տեղեկացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ի պատասխան ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին: «2017-ին միջոցներ են բյուջետավորվել 915, 2018-ին՝ 902 , իսկ 2016-ին, եթե չեմ սխալվում, 951 ծառայողական մեքենաների համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Պաշտոնյայի խոսքով՝ հանրային ֆինանսների կառավարման տեսանկյունից 1 լուման էլ նշանակություն ունի, բայց պետք է հաշվի առնել, որ տրանսպորտային միջոցը երբեմն աշխատանքային գործիք է, ինչպես, օրինակ, քննչական գործողությունների ժամանակ: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ծառայողական մեքենայով եմ եկել, կարող եմ և դրանով չգալ, բայց այստեղ խնդիրն այն է, որ որդեգրվող մոտեցումը բոլորի համար ընկալելի ու ընդունելի լինի, որ վստահության աստիճանը բարձրացնենք»,-նշեց նախարարը:

Միքայել Մելքումյանը նշեց, որ ինքը դեմ չէ ծառայողական մեքենաներ պահելուն, քանի որ հասկանում է, որ դա նաև ներկայացուցչական դասի պայման է, պարզապես ուզում է հասկանալ կառավարության կողմից կա՞ օպտիմալացման որդեգրված սկզբունք: Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ 2016-ից կրճատված շուրջ 50 մեքենան, հավանաբար, շարքից դուրս եկածներն են, ինչին արձագանքելով՝ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 50-ը չափաքանակի կրճատումն է, դրանք չեն վերաբերում շարքից դուրս եկած մեքենաներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում